Երեկ այնպիսի վիճակի մեջ էի հայտնվել, չգիտեի ինչ անել

Ես չեմ վախենում, եթե վախենում ես, ուրեմն ճիշտ չես, ես ծառայել եմ ու ծառայելու եմ դեռ, հո դատավոր չեմ ծնվել, ես պատերազմի էլ եմ մասնակցել, արտասահմանում էլ եմ սովորել. դատավոր Վահե Խալաթյան

Lragir.am-ի զրուցակին է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Խալաթյանը

Պարոն Խալաթյան, վարչապետը բավական կոշտ ելույթ ունեցավ դատական համակարգի վերաբերյալ և ասաց, որ դատավորների նկատմամբ վեթինգ պետք է կիրառվի: Դուք ինչպե՞ս եք վերաբերում այս հարցին:

Ես որևէ բան չունեմ թաքցնելու: Իմ կարծիքն այն է, որ ես դեմ չեմ, թող տեսնեն ինչ ունեմ: Եթե չեմ սխալվում՝ նյութական միջոցներն են ստուգելու, նախկին կապերը, թե որտեղ են աշխատել, անձնական տվյալները: Կարելի է մի հատ քննություն անցնել, ի՞նչ հարց պետք է տան քննողները, որ քրեական իրավունքի մասնագետը չկարողանա պատասխանի: Ասում են՝ Ալբանիայում էլ է դա ներդրված: Մի քիչ լավ չէ, որ Ալբանիայի նախադեպը մեզ մոտ են ուզում կիրառել, բայց դե ինչ անենք, եթե իրավիճակը պահանջում է, կարելի է նաև գնալ դրան:

Նաև արդարադատության նախարարն անդրադարձավ այդ հարցին, ասաց, որ հնարավոր է լինեն դեպքեր, երբ վեթինգի միջոցով որոշ դատավորներ կզրկվեն իրենց ունեցվածքից:

Չեմ ուզում ասեմ անօրինական ճանապարհով ձեռք բերված, որովհետև դա դատական ակտով չի լինելու: Օրինակ՝ իմ ի՞նչը ունեզրկեն, գյուղի տո՞ւնը: Ունեզրկե՞ն, չէ երևի, չեն ունեզրկի: Ես չեմ վախենում, եթե վախենում ես, ուրեմն ճիշտ չես: Ես ծառայել եմ ու ծառայելու եմ դեռ, հո դատավոր չեմ ծնվել, ես պատերազմի էլ եմ մասնակցել, արտասահմանում էլ եմ սովորել: Ամենավատն ու լավը միքս եմ արել, հիմա էլ տանջվում ենք, ինչ անենք:

Այդուհանդերձ, համակարգի առողջացման խնդիր տեսնո՞ւմ եք:

Այո, բայց ոլորտն առողջացնելով՝ նաև դատավորների առողջության մասին պետք է մտածել: Դատավորները քայքայվում են ամեն ժամ, մի հատ առողջ դատավոր դուք չես տեսնի: Տասը տարվա դատավորն արդեն թոշակի ենթակա է, աշխատանքը էնքան ծանր է: Եվ օր օրի է ծանրանում, գործերի քանակը, որակը, անձերը: Առաջվա գործերը չեն, տարեցտարի գործերը շատանում ու ծանրանում են:

Տարիներ շարունակ դատական համակարգը հանրության մոտ վստահություն չի ներշնչել, հայտնի է որպես կոռումպացված ու հարհագներով աշխատող համակարգ: Ի՞նչն է պատճառը:

Ինչո՞ւ եք ինձ հարցնում դա: Պատասխան չունեցող հարց եք տալիս: Դրական շարժերը ակնհայտ են, չէ՞: Ուզո՞ւմ եք թվեմ երեք քայլերը, որոնք արդեն արվել են: Առաջինը՝ բնակարանային ծրագրում ընդգրկվածություն: Արդեն նախագիծ կա, որ դատավորները, եթե կարիք ունեն, նախնական հաշվարկ պետք է անել ու նրանց աշխատավարձի տոկոսների հաշվին փորձեն ապահովել բնակարանով: Օրինակ՝ ես անձամբ կուզեի: Դա անապահովության հետ կապ չունի, խոսքը դատավորի ապահովվածության մասին է: Այդ ծրագիրը մեզ համար սկսում է գործել արդեն, նախնական հաշվառում է իրականացվում, թե քանի հոգի կա համակարգում, նրանցից քանիսը բնակարանի կարիք ունեն: Դա արդեն դրական շարժ է, 16 տարի աշխատես ու սպասես նման ծրագրի, որը կտրուկ մեկ տարվա մեջ առաջարկեցին:

Երկրորդ քայլը աշխատավարձերի հետ հավելավճարներ հատկացնելն է: Ամսական 600 հազար դրամ աշխատավարձերին ավելացել է ևս 200 հազար դրամ: Այսինքն՝ մինիմում ապահովվածությունը կա ընտանիքի ծախսերը հոգալու համար: Երրորդ քայլը՝ դատավորներին հատկացվող սոցիալական փաթեթը: Եթե հիմնարկում ներքևի օղակը ապահովագրվում է, գոնե վտանգի դեպքում կարող է գնալ սիրտը վիրահատել: Դատավորներին հունվարի մեկից հետո են այդ ծրագրում ներառել: Պատկերացրեք, քանի տարի է գործում է, բայց հունվարի մեկից նոր մտածեցին, որ դատավորն էլ առողջության պրոբլեմ կարող է ունենալ:

Դատավորները միշտ ապահով խավ են համարվել, որովհետև բարձր աշխատավարձեր են ստացել:

Էդ մեկը չեղավ, բարձր եմ ստանում իմ առողջության ու գիտելիքների հաշվին: Դուք էլ շատ աշխատեք, գիտելիքներ ունեցեք, դուք էլ ստացեք 600 հազար: Դա չի նշանակում, որ ես պետք է անտեսվեմ, և առողջությունս վերականգնելու հարցում բոլորը ձեռքերը լվանան ու կանգնեն մի կողմ: Ես իմ առողջությունը քայքայում եմ էս աշխատանքով:

Այնպես չէ, որ պետական մյուս համակարգերում դատավորներից պակաս գիտելիքներով անձինք են աշխատում, բայց էականորեն ցածր են վարձրատրվում:

Ոչ, դուք շփոթում եք դատավորների գործառույթները այլ պաշտոնյաների գործառույթների հետ: Դատավորն անընդհատ թիրախում է, անընդհատ ու անընդմեջ: Մարդիկ հիմա արդեն երեք դրական լուծում տվել են վերջին մեկ տարվա ընթացում:

Դուք համակարգում վիրահատական միջամտության կարիք տեսնո՞ւմ եք:

Շատ կոշտ վիրահատություն պետք չէ: Կոշտից մենք միայն դժվարություններ կունենանք: Տարիներով աշխատած դատավորներ ու մասնագետներ կան, կոշտը լավ չէ: Ես երեկ այնպիսի վիճակի մեջ էի հայտնվել, չգիտեի ինչ անել: Եթե դատավորին չեք թողնում աշխատանքի վայր հասնել, էլ ի՞նչ դատավոր եմ ես:

Վարչապետը նաև ասաց, որ որոշ դեպքերում դատավորները պետք է հեռանան ու հեռացվեն: Դուք ի՞նչ եք կարծում, որ դեպքում դատավորը պետք է հեռանա համակարգից:

Դուք պոտենցիալ հեռացվողին հարցնում եք, թե՝ ձեզ որ դեպքում պետք է հեռացնե՞ն: Այդ պոտենցիալը չակերտների մեջ վերցված եմ ասում: Ես էլ կպատասխանեմ՝ եթե հեռացնելու եք, առաջինն ինձ հեռացրեք, ես չեմ ուզենա իմ ընկերներին որևէ բան պատահի: Կարճ ասած՝ կրակը վերցնում եմ իմ վրա: Սա, իհարկե, կատակ էր: Թե ով պետք է մնա, ում պետք է հեռացնեն, կամ ով պետք է փորձության ենթարկվի ու վերաքննություն հանձնի, ժամանակը ցույց կտա: Մի քիչ սպասենք, ինձ թվում է՝ ամեն ինչ լավ ընթացք կունենա: