Գագիկ Բեգլարյանի եղբոր ընկերությունը շարունակում է մնալ խոշոր մատակարար գնումների մրցույթում

«Սմարթլայն»-ն ապրանք է մատակարարում գրեթե բոլոր պետական մարմիններին, այդ թվում՝ վարչապետի և նախագահի աշխատակազմերին

Ըստ hetq.am-ի՝ տարիներ շարունակ պետական գնումների մրցույթում հաղթող է եղել և շարունակում է մնալ «Սմարթլայն» ընկերությունը, որը գրենական պիտույքներ և գրասենյակային նյութեր ու կահույք է մատակարարում գրեթե բոլոր պետական մարմիններին, այդ թվում՝ վարչապետի և նախագահի աշխատակազմերին:

Չնայած Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական կոմիտեի, Վերահսկիչ պալատի, ինչպես նաև՝ հակակոռուպցիոն կենտրոնների արձանագրած խախտումներին՝ ընկերությունը շարունակում է գերիշխող դիրք զբաղեցնել գնման մրցույթներում: «Սմարթլայն» ընկերությունը պատկանում է նախորդ նստաշրջանի ՀՀԿ-ական պատգամավոր Հրանտ Բեգլարյանին՝ Գագիկ Բեգլարյանի եղբորը:

«Սմարթլայն» ընկերությունը հիմնադրվել է դեռևս 2004թ.ին, զբաղվում է գրքերի, ամսագրերի, թերթերի, գրելու և տպիչ սարքերի համար թղթի, գրենական պիտույքների մեծածախ առևտրով: Ընկերությանն է պատկանում «Կարանդաշ» գերմանական պիտույքների խանութների ցանցը:

«Սմարթլայն»-ի սկզբնական սեփականատերը եղել է Նելլի Բուդաղյանը: Տարբեր տարիներին բաժնետերերը փոխվել են: Այժմ ընկերությունը պատկանում է «Հանրապետական» կուսակցության նախկին պատգամավոր Հրանտ Բեգլարյանին, որը 2010-2012թթ. եղել է նաև «Գնումների աջակցման կենտրոն»-ի տնօրենը:

Հրանտ Բեգլարյանին են պատկանում ընկերության 50 % բաժնետոմսերը: Մյուս 50 %-ը պատկանում է Հրանտ Ումրոյանին: Ընկերության տնօրենն է Տիգրան Ղարիբյանը:

«Սմարթլայն»-ն արդեն քանի տարի է՝ ներառվում է ՀՀ խոշոր հարկ վճարողների 1000-ի ցուցակում:

Դեռևս 2013թ. Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ուսումնասիրել է ընկերության վերաբերյալ եղած մի շարք բողոքներ, ըստ որոնց՝ այն համարվել է «գերիշխող դիրք ունեցող» (ընկերության ընդհանուր կառավարման ներքո գտնվում է չորս կամ ավելի առևտրային օբյեկտներից բաղկացած առևտրային ցանց, հեղ.):

ՏՄՊՊՀ-ն դեպքի առթիվ վարչական վարույթ է հարուցել, պարզել, որ «Սմարթլայն» ընկերության հինգ առևտրային օբյեկտներից միայն մեկն է զբաղվում գրասենյակային կահույքի իրացմամբ, իսկ մնացած չորս առևտրային օբյեկտները զբաղվում են գրենական պիտույքների իրացմամբ:

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` առևտրային ցանցը համարվում է գերիշխող դիրք ունեցող, եթե հանդիսանում է չորս կամ ավելի առևտրային օբյեկտների համախումբ՝ անկախ գործունեության ոլորտից, ուստի տվյալ դեպքում էական չէ, թե ինչ են վաճառվում, հայտնում է analitik.am-ը:

Ուսումնասիրելով այս ընկերության հետագա՝ 2014-2019թթ. գնումները, տեսնում ենք, որ այն շարունակում է պահել իր գերիխող դիրքն ու հանդիսանում է խոշոր մատակարար, ումից հաճախակի ապրանքներ են ձեռք բերում պետական մարմինները:

Որոշ դեպքերում էլ՝ գնումներն իրականացնում են առանց մրցույթի կամ մեկ անձից ձևաչափով: