Շտապօգնությունն անհրաժեշտ է այն մարդկանց, ում կյանքին վտանգ է սպառնում

Թագուհի Ստեփանյանը նշեց նաև, որ շտապօգնության առավելագույն ժամկետը հիվանդին հասնելու համար 3-15 րոպեն է, հիվանդի տանը մնալ 20-30 րոպե

2019 թվականի հունվարի 1-ից մինչև հունիսի 30-ը Երևան քաղաքի շտապօգնության ծառայությունը կատարել է 130 545 կանչ, որը եթե համեմատում ենք 2018 թվականի այդ նույն ժամակահատվածի հետ, ավելին է 7761 կանչով։ Առավելագույն կանչերի թիվը եթե համեմատում ենք ամսական կտրվածքով, գրանցվել է մեր ծառայությունում հունվար ամսին, և ծառայությունը կատարել է 25 585 կանչ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 9-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը՝ նշելով, որ շտպաօգնության հիմնական կանչերն գրանցվում են սրտանոթային հիվանդությունների հետ կապված, նաև՝ սուր շնչառական հիվանդությունների և վնասվածքների․ «Եթե համեմատում ենք 2018 թվականի կանչերի քանակի հետ, սրտանոթային հիվանդույթունների դեպքում կանչերը նվազել են 5087-ով»։

Ստեփանյանը նշեց, որ ամենաքիչ կանչերի թիվը գրանցվել է հունիս ամսին՝ 19 838 կանչ, իսկ միջինով՝ փետրվար, մարտ, ապրիլ ամիսներին կանչերի թիվը եղել է 20 000-22 000․ «Քանի որ մենք հունիս ամսին թեժ ամառ չենք ունեցել, արդեն կտեսնենք հուլիս-օգոստոս ամիսներն ինչ կմատուցեն»։

Անդրադառնալով հիվանդանոց տեղափոխված քաղաքացիներին՝ Ստեփանյանը նշեց, որ այս տարի հիվանդանոց է տեղափոխվել 28 966 հիվանդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 2692 կանչով ավելին ։

Իսկ մանկական կանչերի թիվը կազմել է 13 697 և հիվանդանոց է տեղափոխվել 5175 երեխա, այսինքն, նախորդ տարվա համեմատ 452 կանչով ավելին է, իսկ հիվանդանոց տեղափոխված երեխաների թիվն ավելին է 423-ով․ «Մանկական դեպքերը հիմնականում լինում են սուր շնչառական հիվանդություններ, բարձր ջերմության դեպքում, լինում են նաև վնասվածքներ»։

Ստեփանյանը նշեց նաև, որ շտապօգնության առավելագույն ժամկետը հիվանդին հասնելու համար 3-15 րոպեն է, հիվանդի տանը մնալ 20-30 րոպե և այդ ընթացքում բժիշկը պետք է կողմնորոշվի՝ հիվանդին պետք է տեղափոխի հիվանդանո՞ց, թե կազմակերպում է օգնությունը տանը, անուհետև հիվանդը տեղափոխվում է հիվանդանոց կամ շտապօգնության ծառայությունը վերադառնում է հաջորդ կանչին։

Խոսելով կանչերի թվի մասին՝ Ստեփանյանը նշեց, որ այն ավելացել է և դարձել է օրական 749 կանչ․ «Եթե մենք և մեր բնակչությունն ի վերջո հասկանանք, որ շտապօգնությունը պետք է սպասարկի բնակչին միայն անհետաձգելի դեպքերում, մեր աշխատանքն այդքան ծանր չի լինի: Այսինքն, հասնելու տեսակետից ելնելով, բայց քանի որ մենք նաև բավականին բարձր տոկոս կատարում ենք և՛ ընտանեկան բժշկի աշխատանքը, և՛ խրոնիկ հիվանդներին այցելելու, այսպես թե այնպես մենք կանչ մերժելու իրավունք չունենք, բնականաբար, պետք է սպասարկենք յուրաքանչյուր ստացված կանչ։ Բայց բնակիչն էլ պետք է քաջ գիտակցի, թե որ դեպքերում պետք է կանչի շտապօգնություն։ Շտապօգնությունն անհրաժեշտ է այն մարդկանց, ում կյանքին վտանգ է սպառնում, ով ունի խնդիր հենց շտապօգնության համար»։

Անդրադառնալով Արարատի մարզի Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական վթարին՝ Ստեփանյանն ասաց, որ շտապօգնության ծառայությունը ևս հասել է դեպքի վայր․ «Երբ դիմեցին, որ մեքենաների քանակը չի բավարարում տեղում, մեր շտապօգնության ծառայությունից չորս մեքենա մեկնեցին և չորս հիվանդ տեղափոխեցին հիվանդանոց»։

Խոսելով բժիշկների հանդեպ բռնության մասին, երբ վերջիններս ժամանակին չեն հասնում հիվանդին օգնելու համար՝ Ստեփանյանը նշեց՝ այն կանչերը, որոնց դեպքում մեքենան շատ արագ պետք է հասնի հասցե, դա արվում է.«Բայց մենք չպետք է նաև անտեսենք այն տարբերակը, որ շատ հաճախ տեղում սպասող հիվանդի հարազատների համար յուրաքանչյուր վայրկյանը շատ երկար է տևում։ Մենք հիմնականում տեղավորվում ենք մեր չափորոշիչ ժամանակի մեջ։ Իսկ եթե խոսում ենք այն տարբերակի մասին, երբ լինում է ծեծկռտուք կամ անվայել պահվածք, ապա պարտադիր չէ հիվանդն արդեն մահացած լինի, որ նման դեպք տեղի ունենա, լինում է նաև շտապ օգնություն ցուցաբերելու պրոցեսի ժամանակ։ Այն բժիշկը, որը հասնում է օգնելու հիվանդին արժանի է հարգանքի»։