Դանակով հարվածել է 24-ամյա տղամարդուն եւ նրա կնոջը

Դեպքի հանգամանքները պարզվում են

Հուլիսի 2-ին՝ կեսգիշերին մոտ, «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ ստացվեց, որ «ձախ ազդրի կտրած-ծակած» վերքով բուժօգնության է տեղափոխվել 32-ամյա մի կին։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մի քանի րոպե անց ոստիկանության Վայքի բաժնում ահազանգ հնչեց Վայքի բուժհաստատությունից։ Այստեղ հոսպիտալացվել էր 24-ամյա մի երիտասարդ, որի կրծքավանդակին կտրած-ծակած վերք կար։

Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության, Եղեգնաձորի ու Վայքի բաժինների, ինչպես եւ տարածքային նախաքննական մարմնի ծառայողները համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում պարզեցին, որ հիվանդանոցներ տեղափոխված անձինք վնասվածքները ստացել են Երեւան-Մեղրի ճանապարհի 134-րդ կիլոմետրին։ Նախնական տվյալներով՝ վիրավոր կնոջ ամուսնու եւ մի քանի երիտասարդների միջեւ երթեւեկության ընթացքում խնդիրներ են ծագել։ Մեքենաները կանգնեցրել են՝ պարզաբանումներ անելու։ Այդ ընթացքում էլ 34-ամյա տղամարդը դանակով հարվածել է 24-ամյա երիտասարդին։ Միջադեպի ժամանակ վնասվածք է ստացել նաեւ նրա կինը։

Քրեական հետախույզները կասկածյալին հայտնաբերել, բերման են ենթարկել ոստիկանության Եղեգնաձորի բաժին ու ներկայացրել դեպքի նախաքննությունը վարող մարմնին՝ հարցաքննության։ Տղամարդը ձերբակալվել է։

Դեպքի հանգամանքները պարզվում են։