Ավստրալացի ուսանողը արտաքսվել է Հյուսիսային Կորեայից լրտեսության պատճառով

Հունիսի 25-ին Սիգլին «կալանվել է հանցագործության վայրում Հյուսիսային Կորեայի համապատասխան մարմնի կողմից՝ հանրապետության դեմ ինտրիգ պարունակող քարոզչություն վարելու պատճառով

Ավստրալացի ուսանող Ալեք Սիգլին, որը սովորում էր Փհենյանում, Կիմ Իր Սենի անվան համալսարանի դոկտորանտուրայում, արտաքսվել է Հյուսիսային Կորեայից լրտեսության եւ ժողովրդական հանրապետության դեմ թշնամական ակցիաների պատճառով, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալությանը։

Ինչպես ընդգծվում է  գործակալության հաղորդագրությունում, հունիսի 25-ին Սիգլին «կալանվել է հանցագործության վայրում Հյուսիսային Կորեայի համապատասխան մարմնի կողմից՝ հանրապետության դեմ ինտրիգ պարունակող քարոզչություն վարելու պատճառով, ինտերնետի օգտագործմամբ»։ Գործակալության տեղեկատվությամբ՝ կատարված հետաքննության ընթացքում «բացահայտվել է այն փաստը, որ նա նաեւ թափառել է Փհենյանի փողոցներում, որոնել, հավաքել ու վերլուծել տվյալներ ու քանիցս դրանք փոխանցել լուսանկարների հետ մեկտեղ»։

Նշվում է, որ Սիգլին «ազնվորեն խոստովանել է, որ զբաղվել է լրտեսությամբ, պարբերաբար հավաքել ու տրամադրել է տվյալներ երկրի ներքին դրության մասին»։ Ավստրալացի ուսանողը ներողություն է խնդրել Հյուսիսային Կորեայի ինքնիշխանության հանդեպ ոտնձգության համար։ «Հյուսիսային Կորեայի կառավարությունը մարդասիրական ներողամտություն է ցուցաբերել եւ հուլիսի 4-ին Սիգլիին արտաքսել է հանրապետության սահմաններից դուրս»,- ասվում է գործակալության հաղորդագրությունում։

Ավստրալական Փերթ քաղաքի 29-ամյա բնակիչ Ալեք Սիգլին Փհենյան է եկել անցած տարի կորեական գրականություն ուսումնասիրելու Կիմ Իր Սենի անվան համալսարանում։ Ուսումից բացի նա ակտիվորեն զբաղվել է գործունեության այլ տեսակներով՝ կազմակերպել է զբոսաշրջային ուղեւորություններ օտարերկրացիների համար, ինչպես նաեւ կանոնավորապես հրապարակել է հոդվածներ եւ լուսանկարներ հանրապետությունում իր կյանքի մասին հարավկորեական ինտերնետ-պարբերականներից մեկում եւ սոցցանցերում, գրում է news.am:

Հունիսի վերջին տեղեկություն հայտնվեց այն մասին, որ Սիգլին կորել է Հյուսիսային Կորեայի տարածքում, նրան որոնել են մի քանի օր։ Հուլիսի 1-ին Փհենյան է եկել Շվեդիայի հատուկ ներկայացուցիչ Քենթ Հեշթեդը, քանի որ Ավստրալիան դիվանագիտական առաքելություն չունի Հյուսիսային Կորեայում եւ նրա շահերն այստեղ ներկայացնում է շվեդական դեսպանությունը։

Փհենյան այցի ընթացքում Հեշթեդը քննարկել է ուսանողի ճակատագրի հարցը Հյուսիսային Կորեայի իշխանությունների ներկայացուցիչների հետ։ Բանակցությունների ավարտին Շվեդիայի հատուկ ներկայացուցիչը Սիգլիին Փհենյանից Պեկին է ուղեկցել։