Շրի Լանկայի ոստիկանությունը անվանել է մահապարտ ահաբեկիչներին

Ոստիկանության ներկայացուցիչ Ռուվան Գունասեկերան հաստատել է, որ երկու շքեղ հյուրանոցներ պայթեցվել են երկու եղբայրների կողմից, որոնք համեմունքների արտահանմամբ զբաղվող հարուստ ընտանիքից էին

Շրի Լանկայի ոստիկանությունը անվանել է այն ինը մարդկանց, որոնք Զատկի կիրակի օրը պայթյուններ են իրականացրել։ Դրանց հետեւանքով զոհվել է 253 մարդ։ Երկրի հակաահաբեկչական օրենքների համաձայն՝ գրոհողների բաժնետոմսերը կբռնագրավվեն՝ հայտնում է AFP-ը։ Ոստիկանության ներկայացուցիչ Ռուվան Գունասեկերան հաստատել է, որ երկու շքեղ հյուրանոցներ պայթեցվել են երկու եղբայրների կողմից, որոնք համեմունքների արտահանմամբ զբաղվող հարուստ ընտանիքից էին։

Իսլամիստների խումբը ապրիլի 21-ին թիրախ դարձած յուրաքանչյուր տեղի համար մեկ մահապարտ է օգտագործել, բացառությամբ Shangri-La հյուրանոցի, որտեղ երկու մահապարտներ են գործել։ Դրանցից մեկը եղել է տեղի ջիհադիստների խմբի առաջնորդ Զահրան Հաշիմը։

Հաշիմը գլխավորում էր արգելված «Ազգային տուվխետ Ջամաաթ» խմբավորումը։ Նա Shangri-La-ի վրա հարձակվել էր Իլհամ Ահմեդ Մուհամմեդ Իբրահիմի հետ, որի եղբայրը պայթեցրել էր իրեն Cinnamon Grand հյուրանոցում։

Երրորդ հյուրանոցը, որը հարձակման էր ենթարկվել, Քինգսբերին էր։ Այնտեղ պայթյունն իրականացրել էր Մուհամմեդ Ազամ Մուբարակը, որի կինը, Գունասեկերի խոսքերով, կալանավորված է։

Սուրբ Անտոնիոյի եկեղեցին գրոհել էր տեղի բնակիչ Ահմեդ Մուազը։ Նրա եղբայրը ձերբակալված է։ Սուրբ Սեբաստիանի եկեղեցին պայթեցրել էր Մուհամմեդ Հաստունը, որը բնակվում էր կղզու արեւելյան մասում, որտեղ հիմնավորվել էր Հաշիմը։

Քրիստոնեական Սիոնի եկեղեցին պայթեցրել էր տեղի բնակիչ Մուհամմեդ Նասեր Մուհամմեդ Ասադը։

Եւս մեկ ահաբեկիչ, որը չի կարողացել ռումբը շքեղ հյուրանոցում պայթեցնել, սակայն պայթեցրել է մայրաքաղաքից ոչ հեռու հյուրատանը, ոմն Աբդուլ Լատիֆն է։ Նա սովորել է ինչպես Մեծ Բրիտանիայում, այնպես էլ Ավստրալիայում։

Պայթյուններից անմիջապես հետո Ֆաթիմա Իլհամը՝ երկու եղբայրներից կրտսերի կինը, պայթեցրել է իրեն՝ սպանելով իր երկու երեխաներին եւ երեք ոստիկաններին, որոնք եկել էին խուզարկություն կատարելու։