Օսակայում Քսանյակի գագաթաժողովի շրջանակում տեղի է ունեցել առանձին միջոցառում՝ նվիրված հասարակությունում կանանց դերի ընդլայնմանը

Միջոցառմանը հանդես են եկել Նիդեռլանդների թագուհի Մաքսիմ Զորեգուեթան եւ ԱՄՆ նախագահի դուստրը՝ Իվանկա Թրամփը

Առանձին միջոցառում՝ նվիրված հասարակությունում կանանց դերի ընդլայնմանը, տեղի է ունեցել Օսակայում Քսանյակի գագաթաժողովի շրջանակում։ Միջոցառմանը հանդես են եկել Նիդեռլանդների թագուհի Մաքսիմ Զորեգուեթան եւ ԱՄՆ նախագահի դուստրը՝ Իվանկա Թրամփը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Եթե կանանց համար աշխատանքի շուկայում նույնպիսի հնարավորություններ լինեին, ինչպես եւ տղամարդկանց, ապա մինչեւ 2025 թվականը համաշխարհային ՀՆԱ ծավալը կավելանար 28 տրլն դոլարով»,- ասել է Նիդեռլանդների թագուհին։ Նրա խոսքով՝ հավասարության հասնելու միջոցներից մեկը կանանց եւ տղամարդկանց միջեւ մեծ խզումը վերացնելն է տեխնոլոգիաներին հասանելիության տեսակետից։ «Ոչ հարուստ երկրներում բջջային ինտերնետից օգտվելու տոկոսը կանանց շրջանում 26 տոկոսով ավելի քիչ է, քան տղամարրդկանց»,- նշել է նա։

Բացի այդ, թագուհին նշել է այն հանգամանքը, որ արդի հասարակությունում որոշ երկրներ պահպանում են տարբեր սահմանափակումներ կանանց համար ֆինանսական ոլորտում։ «Եվ նորից ցածր եկամուտներ ունեցող երկրներում կանանց թիվը, որոնք հաշիվներ ունեն բանկերում, 30 տոկոսով ավելի քիչ է, քան տղամարդկանցը»,- ընդգծել է թագուհին։

Իվանկա Թրամփն իր հերթին կոչ է արել Քսանյակի ղեկավարներին ներդնել իրենց ավանդը հասարակությունում կնոջ դերի ընդլայնման գործում։ «Երկրներում, որոնցում կանայք ակտիվորեն մասնակցում են աշխատանքային գործունեությանը, պակաս կլինի միջազգային հակամարտությունները բռնի միջոցներով լուծելու հավանականությունը»,- ասել է նա։