Երկար տարիներ շարունակ մենք ձեզ զիջման ենք գնում եւ բանակցություններ վարում. Զաքիր Հասանով

Նա միաժամանակ շեշտել է, որ 2016 թվականին Ադրբեջանը Հայաստանին ցույց տվեց, որ կարող է հակամարտությունն այլ ճանապարհով լուծել
Վաշինգտոն

Վաշինգտոնում Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ կողմերը պայմանավորվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի նվազեցման շուրջ: Այս մասին Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հայտարարել է ադրբեջանական Real TV-ի հետ հարցազրույցում:

«Ինչպես գիտեք, հունիսի 20-ին Վաշինգտոնում տեղի է ունեցել Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպումը: Հայկական կողմը մշտապես այն հարցն է բարձրացնում, որ բանակցությունների արդյունավետ անցկացման համար անհրաժեշտ է վստահություն ստեղծել եւ ճակատում կրակոցները նվազագույնի հասցնել: Կողմերը քննարկել են այս հարցերը, եւ այսպես ասենք՝ ճակատում կրակոցները նվազել են: Եթե հարցը վստահության ստեղծումն է, ապա, խնդրեմ, մենք դրան էլ գնացինք՝ հարցի լուծման նպատակով»,- հայտարարել է Զ. Հասանովը:

Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմն արդեն երկար տարիներ խաղաղ բանակցություններ է վարում:

«Խոսում եք խաղաղ կարգավորման, հարցը բանակցությունների ճանապարհով լուծելու մասի՞ն: Խնդրեմ: Երկար տարիներ շարունակ մենք ձեզ զիջման ենք գնում եւ բանակցություններ վարում»,- հայտարարել է ադրբեջանցի նախարարը, գրում է news.am:

Նա միաժամանակ շեշտել է, որ 2016 թվականին Ադրբեջանը Հայաստանին ցույց տվեց, որ կարող է հակամարտությունն այլ ճանապարհով լուծել: