Ա․ Միրզոյանը՝ Սասուն Միքայելյանի՝ ՔՊ վարչության անդամ չընտրվելու մասին

Վիրավորական է, երբ ասում եք, որ այս ընտրության արդյունքը կանխորոշված էր

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշ ընտրված անդամների դեպքում սպասելի էր, որոշների դեպքում՝ ոչ։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ նախագահ, ՔՊ վարչության անդամ ընտրված Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ՔՊ վարչության  նոր կազմին, որը ձևավորվել է երեկ կայացած քվեարկությամբ:

«Որևէ մեկը չէր կարող 100 տոկոս ճշգրտությամբ կանխատեսել բոլոր 21 անդամներին»,- շարունակեց նա։

Միրզոյանը, խոսելով իր՝ ՔՊ վարչության նախագահ պաշտոնից ինքնաբացարկ հայտնելու մասին, ասաց, որ իր կարծիքով՝ Սուրեն Պապիկյան ավելի լավ թեկնածու էր վարչության նախագահի համար, և իրենք ճիշտ ընտրություն են կատարել։

Ինչ վերաբերում է ՔՊ վարչության նախկին նախագահ Սասուն Միքայելյանի՝ այս անգամ ՔՊ վարչության կազմում չընտրվելն Աբովյանի քաղաքապետի ընտրություններում Միքայելյանի կողմից ՔՊ թեկնածունին չսատարելու հանգամանքի հետ կապելուն, Միրզոյանը նշեց, թե չի հասկանում՝ ինչու են ամեն տեղ մարդիկ դավադրություն որոնում։

«Ինչի՞ համար եք ամեն ինչի մեջ  7 հարկանի պատճառների ու կոսպերալոգիաների մեջ մտնում: Բոլորս սովոր ենք պատճառներ տեսել։ Բայց եղել է ընտրություն, 51 թեկնածու դրել են իրենց թեկնածությունը, մարդիկ մտել են գաղտնի քվեարկության, նախապես եղել է քարոզարշավ։ Հետո հաշվարկել են քվեաթերթիկները, պարզվել է, որ 21 մարդ են ավելի շատ ձայն ստացել։ Այստեղ վիրավորական բան կա այն առումով, որ երբ ասում եք՝ «չեք կարծո՞ւմ, որ Աբովյանն էր պատճառը», դա նշանակում է, որ այս ընտրության արդյունքը կանխորոշված է ինչ-որ իքս մարդու կողմից, օրինակ՝ Նիկոլ Փաշինյանի կողմից: Եվ քանի որ ինչ-որ պահի չի գոհացրել Նիկոլ Փաշինյանի կամ այլ խմբի, ինչպես ասում են «особо приближенный к императору», որոշել ենք՝ Սասուն Միքայելյանը չպիտի լինի ու ասել ենք, որ սենց պիտի քվեարկեք»,- ընդգծեց Արարատ  Միրզոյան։

ԱԺ նախագահը  հորդորեց վերջ դնել նման խոսակցություններին և փոխարենն իրենց մի քիչ օգնեն նոր Հայաստանի մշակույթը ձևավորելու հարցում։