Ցանկացած բաժանություն տանում է դժոխք. Վովա Վարդանով

Ես չեմ կարծում, որ մի օր Ադրբեջանը Շուշին կտեսնի, բացի խաղաղության դեպքում, երբ տուրիստ գա

Երբ խոսում եք պատերազմի մասին, զարմանում եմ. մենք խաղաղության մեջ չենք, մենք միշտ պատերազմի մեջ ենք, այդ վտանգը միշտ էլ կա։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱՍՍԱԼԱ «Վան» գործողության հրամանատար Վազգեն Սիսիլյանը՝ անդրադառնալով պատերազմի վերսկսման մասին լրագրողների հարցերին։

Ադրբեջանական զորավարժությունների ու այդ զորավարժությունների ժամանակ անցկացված ֆլեշմոբի ու «Մեր հաջորդ կանգառը Շուշին է, սպասեք մեզ» գրությամբ համացանցում տարածված գրությանն անդրադառնալով՝ Վ.Սիսիլյանը նկատեց. «Ես չեմ կարծում, որ մի օր Ադրբեջանը Շուշին կտեսնի, բացի խաղաղության դեպքում, երբ տուրիստ գա»։

Հետախույզ Վովա Վարդանովը հավելեց, որ նման ակցիաներով փորձում են իրենց ինքնագնահատականը բարձրացնել։

«…Իրականում իրենց հաղթել է Ղարաբաղի ինքավար մարզը՝ ողջ հայերի օգնությամբ, նաև Հայաստանի Հանրապետության օգնությամբ, բայց իրենց հաղթել է 150.000 բնակչությամբ մի տարածք, իսկ դա ինքնասիրության այնպիսի ապտակ է, որ դրա հետ ոչ ոք չի կարող համակերպվել»,- ասաց նա։

Վ. Վարդանովը խոսեց նաև Ադրբեջանում անցկացվող զորավարժությունների մասին. «Զինախաղերը ուսումնական պրոցեսի գագաթն են, և այն իրենց մոտ հաճախ է կրկնվում, դրան ի պատասխան՝ մենք էլ պիտի աշխատենք. Զորավարժություններն անհրաժեշտ քանակությամբ անցկացվեն, ավելի շատ սցենարներ մշակվեն»։

Հասարակության մեջ վերջին շրջանում շահարկվող արցախցի-հայաստանցի բաժանարար թեզերը մեզ ո՞ւր կտանեն՝ 168.am-ի հարցին ի պատասխան՝ բանախոսները նշեցին, որ դա հարված է մեր միասնականությանը։

«Ցանկացած բաժանություն տանում է դժոխք»,- նշեց Վովա Վարդանովը՝ հիշեցնելով, որ պատմության մեջ նման բազմաթիվ օրինակներ կան, որոնք ցույց են տվել դա։

«Մեր երկրի սահմանը գտնվում է այն տեղից, որտեղ մեր զինվորը կանգնած է»,- հավելեց Վ. Սիսիլյանը։

Թեմայի ծիրում խոսելով նաև վարչապետ Փաշինյանի՝ դավադրությունների մասին հայտնի հայտարարության մասին, թե՛ Վարդանովը, թե՛ Սիսիլյանը նկատեցին, որ այն լրացուցիչ պարզաբանման կարիք ունի։

«Եթե նման բան կա, լավ կլինի անուններով ասվի»,- ասեց Վ. Սիսիլյանը, իսկ Վարդանովը հավելեց՝ «Կամ քրեական գործերով ասվի»։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատաիրավական համակարգում կատարվելիք փոփոխություններին նվիրված իր ելույթում նշել էր. «Մեր երկրում գործած համակարգային կոռուպցիայից Արցախի մեր հայրենակիցները հաճախ ավելի շատ են տուժել, բայց այդ համակարգերի որոշ պաշտոնյաներ գործադրում են կոռուպցիոն կապերը՝ Արցախում Հայաստանի կառավարության և անձամբ վարչապետի դեմ ստահոդ քարոզչություն իրականացնելու համար: Դեռևս նախորդ տարվա խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին ասել եմ, որ այս ամենը վերլուծելով՝ դրա տակ տեսնում եմ ընդհուպ դավադիր պատերազմ հրահրելու, անգամ որոշ տարածքներ հանձնելու և տեղի ունեցածի պատասխանատվությունը Հայաստանի կառավարության վրա դնելու հեռահար նպատակ»:

Բանախոսները քաղաքականությանն առնչվող մեկնաբանություններից խուսափեցին՝ նկատելով, որ իրենց առաքելությունն արտաքին անվտանգությունն ապահովելն է։

Զարուհի Դիլանյան