Թող որ Ես անեմ

Վստահիր Ինձ ու վերջ տուր քո վախերին


 

Փետրվարի 17

 

Երբեք մի հրաժարվեք առանձնացումի այս ժամերից: Բնավ էական չէ, թե ինչ եմ հայտնում ձեզ. կարևորն այստեղ այն է, որ ձեր դյուրաբեկ բնությունը մերձենալով՝ առնչվի Աստվածային Ուժերի հետ: Զորավոր Ուժերն արդեն իսկ տեղաշարժի մեջ են՝ ճշտորեն կատարելու համար Իմ Կամքը: Ահա մոտեցել է այն բաղձալի պահը, երբ Աստված Իր գութը հայտնելով՝պիտի օրհնի ձեզ շռայլորեն:

Ձեզ թվում է, թե անելու շատ բաներ կան այս տագնապալի ժամանակի մեջ: Մինչդեռ ամենակարևորը մեկն է՝ թույլ տվեք, որ ձեր կյանքի գործերն ընթանան կանոնավոր ու համաչափ կերպով: Տեսեք՝ ինչպես եմ Ես ապահովում վաղվա արևի ծագումը:

Ոչ այնքան ուժգին խնդրանքն է, որ ապահովում է Աստվածային Ունկնդրությունը, որքան որ հանգիստ ու հավատավոր խաղաղությամբ ձեր դժվարություններն ու մտահոգությունները Աստծո հայեցողությանը հանձնելը: Նշանակում է՝ վստահիր Ինձ ու վերջ տուր քո վախերին: Նմանվիր այն մանկանը, որ խառնշտված թելի կծիկը դնում է իր մոր ձեռքը, և ինքը դուրս վազում խաղալու: Նա իր այդ լուռ վստահությամբ ավելի մեծ հաճույք է պատճառում իր մորը, քան եթե օգնության համար խնդրեր կամ աղերսեր, ինչը ցավ պիտի պատճառեր մորը, որովհետև այդ նշանակում է, որ ինքը պատրաստ չէ օգնել որդուն, երբ նա դրա կարիքն ունի: