Առաջին շահագրգիռ մարդիկ հենց մենք ենք, որ ուզում ենք՝ էս ամեն ինչն անցնի, բացահայտվի

Ո՞վ են այդ հետաքննություն անողները, տեսե՞լ եք դուք, ու ի՞նչ եզրահանգման են եկել… թող գնան էդ ամենը ներկայացնեն համապատասխան մարմիններին, ես ինչ ասեմ, ժողովուրդ. բաց դատավարություն է, կերևա, չէ՞. Լևոն Քոչարյան

«Քաղաքական դիվիդենտներ են մարդիկ քաղել էս տասը տարի էս մարդկանց վշտի վրա։  Հիմա ի՞նչ, մի տարի է անցել, ինչ-որ մեղադրանք տեսնո՞ւմ եք սպանությունների հետ կապված, հրահանգի հետ կապված։  Երեկ էլ լսել եք ու ահագին բաներ տեսել եք, թե ոնց է քննությունը տարվել։ Երբ որ նույն Սահմանադրական դատարանի մասով, միայն երկու դատավորի մասով ցուցմունք են վերցնում, նրանք նույնիսկ չեն հաստատում,  մնացածից նույնիսկ ցուցմունք չեն վերցնում, բայց մեղադրանքի մեջ թողնում են։

Երբ որ նույն փետրվարի 23-ի որոշման հետ կապված՝ 13 ցուցմունքից միայն մի հոգին է իրենց ուզած բանն ասում, մնացածը հակառակն են պնդում, բայց իրենք դատարան են բերում միայն էդ մի ցուցմունքը, մնացածն ուղղակի պահում են, այսինքն՝ էլ ի՞նչ է պետք… այնքան ակնհայտ է այս ամեն ինչը։

Ու ես շատ ուրախ եմ, որ մենք բոլորս այս ամեն ինչը կարողանում ենք բաց դատավարությամբ լսել՝ ինչ է կատարվում, ու թող բոլորը տեսնեն, ու առաջին հերթին՝ զոհերի հարազատները հասկանան, որ էդ մարդկանց… Ինչի՞ պիտի երկրի նախագահն ուզենա մարդ սպանել, ժողովուրդ, դա ուղղակի նոնսենս է։ Ու էդ մարդկանց գլուխն են մտցրել դա ու դրա վրա էնքան են «ականջներին նստել», էդ ամեն ինչը համոզել… ու ես շատ ցավում եմ»։

Լրագրողի հարցին, թե նրանցից շատերը սեփական հետաքննություն են արել այս տարիների ընթացքում, Լևոն Քոչարյանը նկատեց՝

«Ո՞վ են այդ հետաքննություն անողները, տեսե՞լ եք դուք։ Ու ի՞նչ եզրահանգման են եկել… մեզ հետ կապված, իմ ընտանիքի հետ կապված՝ ի՞նչ եզրահանգման են եկել իրենց քննություններով։ Թող գնան էդ ամենը ներկայացնեն համապատասխան մարմիններին, ես ինչ ասեմ, ժողովուրդ. բաց դատավարություն է, կերևա, չէ՞»։

Հարցաքննությունների մասին լրագրողի դիտարկմանն ի պատասխան՝ Լևոն Քոչարյանը նշել է՝ թող բոլորը  հարցաքննվեն։

«Առաջին շահագրգիռ մարդիկ հենց մենք ենք, որ ուզում ենք՝ էս ամեն ինչն անցնի, բացահայտվի, ու մարդիկ հասկանան, որ մենք էդ ամեն ինչի հետ կապ չունենք»,- ասել է նա։

Արցախի նախագահ Բակո Սահակյանի  և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորության մասին խոսելով էլ՝ Լևոն Քոչարյանն ընդգծել է, որ դա գործին միջամտություն չէ.

«Էն մարդիկ, ովքեր փորձում են դա որակել՝ որպես ուրիշ երկրի, այսպես ասած, միջամտություն, դրանք ուղղակի կեղտոտ խաղեր եմ անվանում, որովհետև դա չի կարելի։  Երաշխավորությունը դա միջամտություն չէ։ Իսկ ինչի՞ պետք է չանեն՝ իրենց ընկերն է, մարտական ընկերն է, Ձեզ թվում է՝ ձեռքները ծալած պետք է նստե՞ն»։