Ճապոնիայում խոճկորներով բնակեցված սրճարան է բացվել

Խոզերը շատ երկրներում պահվում են որպես ընտանի կենդանիներ

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյի Մեգուրո թաղամասում մարտին խոճկորներով բնակեցված սրճարան է բացվել, հաղորդում է CNN-ը:

Mipig անունը ստացած սրճարանի տնօրինության խոսքով՝ այնտեղ բազմաթիվ խոճկորներ են բնակվում, ընդ որում՝ դրանք այնքան փոքր են, որ կարող են տեղավորվել թեյի բաժակի մեջ, սակայն խոսքը սովորական խոճկորների մասին է, որոնց չափսերը աճին զուգահեռ մեծանում են:

Սրճարանի յուրահատկությունն այն է, որ այցելուները կարող են սուրճ ըմպելուն զուգահեռ ժամանակ անցկացնել փոքրիկ կենդանիների հետ:

Սրճարանը հիմնել են հանգանակությունների միջոցով: Գաղափարի հեղինակներն ի սկզբանե ցանկացել են ծրագրի համար մոտ 20 հազար դոլար հավաքել, սակայն արդյունքում հավաքվել է այդ գումարի կրկնակին:

Սրճարանի հիմնադիրները նշել են, որ խոզերը շատ երկրներում պահվում են որպես ընտանի կենդանիներ, սակայն Ճապոնիայում այնքան էլ տարածված չեն, և իրենց նպատակն է այդ կենդանիներին սիրելի դարձնել ճապոնացիների շրջանում:

Հեռուստաալիքը նշում է, որ կատուներով լի սրճարաններն այժմ մեծ տարածում ունեն ամբողջ աշխարհում: 2015թ.-ին Լոնդոնում նմանատիպ միանգամյա միջոցառում է կազմակերպվել նաև խոզերի մասնակցությամբ, մինչդեռ Տոկիոյի սրճարանը կգործի առանց ժամկետների: