Բանակը պահպանության տակ է վերցրել Վենեսուելայի էներգահամակարգը

Լույսի բացակայության պատճառով Վենեսուելայի կառավարությունը մարտի 11-ի երկուշաբթին հայտարարել է ոչ աշխատանքային օր

Վենեսուելայի բանակը պահպանության տակ է վերցրել երկրի էներգամատակարարման համակարգի ռազմավարական օբյեկտները, իսկ էլեկտրահաղորդման գծերի նկատմամբ կատարվում է օդային հսկողություն: Այս մասին հայտարարել է Բոլիվարյան Հանրապետության պաշտպանության նախարար Պադրինո Լոպեսը՝ հանդես գալով երկրի պետական հեռուստատեսության եթերում։

Ավելի վաղ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն պաշտպանության նախարարությանը հանձնարարել էր ապահովել Էներգամատակարարման համակարգի պահպանությունն Էլեկտրականության՝ երկրի պատմության մեջ խոշորագույն անջատման ֆոնին: Մարտի 7-ի երեկոյան Կարակասը եւ Վենեսուելայի նահանգների մեծ մասը մնացել էր առանց էներգամատակարարման: Մարտի 8-ի երեկոյան էներգամատակարարման հետ կապված իրավիճակն սկսել էր բարելավվել, սակայն մարտի 9-ի առավոտյան վերստին բարդացել էր այն էլեկտրակայանում պայթյունի մասին հաղորդումներից հետո, որը գտնվում է Բոլիվար հարավարեւելյան նահանգի մայրաքաղաք Սյուդադ Բոլիվարի ծայրամասում:

Լույսի բացակայության պատճառով Վենեսուելայի կառավարությունը մարտի 11-ի երկուշաբթին հայտարարել է ոչ աշխատանքային օր: Մարտի 10-ի երեկոյան էլեկտրաէներգիան սկսել է աստիճանաբար վերադառնալ Կարակաս. աշխատում է փողոցային լուսավորման համակարգի զգալի մասը, լուսավորվել են որոշ շենքերի լուսամուտներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: