«Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը Վրաստանին կհեռացնի ԵՄ-ից. Միշել

Մանրամասներ
շառլ միշել

Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը հայտարարել է, որ ապրիլի 17-ին Վրաստանի խորհրդարանի ընդունած Օտարերկրյա գործակալների մասին օրենքը չի համապատասխանում երկրի եվրոպական նկրտումներին:

«Վրաց ժողովուրդն ընտրել է եվրոպական ուղին, ի պատասխան Եվրոպական խորհուրդն անցյալ տարվա դեկտեմբերին թեկնածուի կարգավիճակ շնորհեց Վրաստանին: Թույլ տվեք հստակություն մտցնել. օրինագիծը չի համապատասխանում ԵՄ-ին անդամակցելու Վրաստանի ձգտումներին և Վրաստանին ոչ թե կմոտեցնի, այլ կհեռացնի Եվրամիությունից»,- նշված է X սոցիալական ցանցում Շառլ Միշելի գրառման մեջ:

Ավելի վաղ ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ վրացական օրինագիծը «չի համապատասխանում ԵՄ նորմերին և արժեքներին» և կոչ էր արել «ձեռնպահ մնալ այն հաստատելուց»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» մասին («Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին») օրենքի նախագիծը։

Իշխող կուսակցությունը պնդում է, որ օրինագիծն ուղղված է բացառապես արտաքին ֆինանսավորում ստացող հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների աշխատանքի թափանցիկության բարձրացմանը։ Որոշ հասարակական կազմակերպություններ օրինագիծն անվանում են ծայրահեղական:

Օրինագծի հակառակորդների մտավախությունները կապված են այն բանի հետ, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններից առաջ ընդդիմադիր լրատվամիջոցները, բարեգործական, իրավապաշտպան և քաղաքացիական կազմակերպությունները, որոնք գոյություն ունեն արևմտյան դրամաշնորհների հաշվին, կարող են անվանվել «օտարերկրյա գործակալներ»։ Նմանատիպ միջոցներ կիրառվել են Ռուսաստանում՝ իշխանություններին քննադատող քաղաքացիական հասարակության խմբերին հեռացնելու համար. այնտեղ նույնպես ժամանակին ամեն ինչ բացատրվում էր թափանցիկությամբ։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ վետո կդնի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վրա, եթե այն ընդունվի։