Մոսկվան մտահոգություն է հայտնում տարածաշրջանում հերթական վտանգավոր էսկալացիայի կապակցությամբ և զսպվածության կոչ է անում հակամարտող կողմերին

Մանրամասներ
կրեմլ ագն

«Մոսկվան կոչ է անում զսպվածություն ցուցաբերել Մերձավոր Արևելքում հակամարտող կողմերին և մտահոգություն է հայտնում տարածաշրջանում հերթական վտանգավոր էսկալացիայի կապակցությամբ»,- այս մասին  հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն ՝ կապված Իսրայելի տարածքի վրա հարձակման հետ։

«Ապրիլի 14-ի գիշերը մեծ քանակությամբ հրթիռներ և անօդաչու սարքեր են արձակվել Իսրայելի ուղղությամբ։ Իրանի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ այս հարձակումն իրականացվել է ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի համաձայն ինքնապաշտպանության իրավունքի շրջանակում՝ ի պատասխան տարածաշրջանում իրանական օբյեկտների վրա, այդ թվում՝ ապրիլի 1-ին Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժանմունքի վրա հարձակմանը, ինչը մեր երկիրը խստորեն դատապարտել է:

Ցավոք, արևմտյան անդամների դիրքորոշման պատճառով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չկարողացավ համարժեք արձագանքել Իրանի հյուպատոսական ներկայացուցչության վրա հարձակմանը։

Մենք մեր խորին մտահոգությունն ենք հայտնում տարածաշրջանում հերթական վտանգավոր էսկալացիայի կապակցությամբ։ Բազմիցս զգուշացրել ենք, որ Մերձավոր Արևելքում, առաջին հերթին, պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում բազմաթիվ ճգնաժամերի չլուծված լինելը, որոնք հաճախ սնուցվում են անպատասխանատու սադրիչ գործողություններով, կհանգեցնեն լարվածության աճի:

Բոլոր ներգրավված կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել։ Հուսով ենք, որ տարածաշրջանի երկրները կլուծեն առկա խնդիրները քաղաքական և դիվանագիտական ճանապարհով։ Մենք կարծում ենք, որ կարևոր է, որ կառուցողական տրամադրված միջազգային խաղացողները նպաստեն դրան»,-ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում: