ՀՀ իշխանություններն ամեն ինչ արել են Մոսկվային պատասխանատվությունից ազատելու համար. փորձագետ

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

Հայաստանի իշխանություններն ամեն ինչ արել են Մոսկվային իր բաժին պատասխանատվությունից ազատելու համար։ Այս մասին մարտի 29-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։

Վերլուծաբանի գնահատմամբ՝ Հայաստանի իշխանություններն ամեն ինչ պետք է անեին, որպեսզի պարտադրեին Ռուսաստանին կատարել իր պարտավորությունները, մինչդեռ ամեն ինչ արեցին, որ Մոսկվան որևէ պատասխանատվություն չկրի։

«Ինչո՞ւ Ռուսաստանը պատժամիջոցներ չի կիրառում Հայաստանի նկատմամբ, որովհետև Ռուսաստանին հարմար է այս իրավիճակը։ Մոսկվան գիտի, որ Արևմուտքի թափանցումը տարածաշրջան միայն կբարդացնի հայերի վիճակը։ Ռուսաստանում ուղղակի ասում են, որ հայերի համար այս ամենը վատ է ավարտվելու։ Հետագայում Մոսկվան մեղադրելու է Հայաստանին՝ ասելով, որ նա ինքն է ընտրել Արևմուտքը»,- հավելել է փորձագետը։

Կիվիրյանը հիշեցրել է, որ Արցախի հարցում ևս իշխանությունները հույսը դրել էին Արևմուտքի վրա, և հիմա Փաշինյանը խոսում է Տավուշի գյուղերը հանձնելու անհրաժեշտության մասին՝ Արևմուտքի աջակցությունը ստանալու համար։

«Սա նշանակում է, որ ամբողջ Հայաստանը դրվելու է զոհասեղանին, ինչպես արեցին Արցախի հետ։ Մոսկվան հիանալի հասկանում է, որ Արևմուտքը ցանկանում է հայերին հանել ռուսների դեմ»,- պարզաբանել է Կիվիրյանը։

Ըստ փորձագետի՝ Ռուսաստանին Հայաստանը որպես երկիր հետաքրքիր է նրանով, որ ՀՀ-ի միջոցով կարելի է շրջանցել պատժամիջոցները, ինչպես նաև Գյումրիի ռազմաբազայի պատճառով։

«Մոսկվան տնտեսական լծակներ ունի Հայաստանի նկատմամբ,  ինչ վերաբերում է բազային, դրա դուրսբերումն անհնար է առանց Ռուսաստանի համաձայնության։ Առայժմ Հայաստանը Ռուսաստանի համար լուրջ վտանգ չի ներկայացնում։ Հենց Ռուսաստանը լուծի իր հարցերն Ուկրաինայում, գործ կունենա տարածաշրջանի երկրների՝ այդ թվում Վրաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ»,- եզրափակել է փորձագետը։