Շատ ցավոտ անցում է տեղի ունենում պատմական Հայաստանից դեպի իրական Հայաստան. Փաշինյան

Մանրամասներ
նիկոլ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում հանդիպել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ակտիվի ներկայացուցիչներին՝ նրանց հետ քննարկելով Հայաստանում տեղի ունեցող զարգացումները, որոնք նա որակել է «ցնցումներ և՛ պետության, և՛ յուրաքանչյուր անհատի համար»։ 

«Շատ կարևոր է հասկանալ՝ ինչ է տեղի ունենում և ինչու», - ասել է նա՝ հավելելով, որ, իր կարծիքով,  «շատ ցավոտ անցում է տեղի ունենում պատմական Հայաստանից դեպի իրական Հայաստան»:

«Եվ որպես Հայաստանում կառավարող ուժ՝ այս պրոցեսի հետ մենք պետք է առերեսվենք: Մենք պետք է այս պրոցեսը հասկանանք և այս պրոցեսի մասին մենք պետք է նախ ինքներս մեր մեջ խոսենք և հետո խոսենք ժողովրդի հետ», - նշել է Փաշինյանը, որի համոզմամբ՝ «այդ գործընթացը մեր պատմական պատասխանատվությունն է»:

«Կա երկու մոտեցում: Առաջինը հետևյալն է, որ մենք բոլոր հնարավոր ձևերով դիմադրում ենք պատմական Հայաստանից դեպի իրական Հայաստան անցմանը: Այսինքն ասում ենք՝ չէ՛, չե՛նք ուզում դա, դա մեզ համար անընդունելի է:Երկրորդ մոտեցումն այն է, որ մենք դա համարում ենք պատմական անհրաժեշտություն», - ասել է Փաշինյանի:

Նրա խոսքով՝ ներկայիս կառավարությունը ՀՀ-ն արձանագրում է որպես իր պատասխանատվության գոտի  և ապահովում է երկրի և ժողովրդի հոգեբանական անցումը պատմական Հայաստանից իրական Հայաստանի և ապահովելու է իրական Հայաստանի անվտանգությունը, բարեկեցությունը, տնտեսական զարգացումը և երջանկությունը:

«Իմ ընկալումն ու մոտեցումն այն է, որ մենք պետք է գնանք այս ճանապարհով», - եզրափակել է Փաշինյանը: