Ակնկալում ենք ՆԱՏՕ-ի աջակցությունը ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացին. Նիկոլ Փաշինյան

Մանրամասներ
Նիկոլ Փաշինյան

Ակնկալում ենք միջազգային հանրության, այդ թվում ՆԱՏՕ-ի հաստատակամ աջակցությունը ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, ինչպես նաև հարկադրանքի ու սպառնալիքի քաղաքականության մերժումը։

Այս մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը ընդգծեց, որ Յենս Ստոլտենբերգին ներկայացրել է Հարավային Կովկասում կայունություն և խաղաղություն հաստատելու ՀՀ-ի կառավարության տեսլականը և մոտեցումները։

«Վերահաստատում եմ բազմիցս հնչեցրած պատրաստակամությունը կարգավորելու Ադրբեջանի հետ հարաբերությունները բարձրագույն մակարդակում՝ համաձայնեցված երեք սկզբունքների հիման վրա՝ միմյանց տարածքային ամբողջականության ճանաչում, Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա, համաձայն այդ հռչակագրի ՀՀ-Ադրբեջան միջպետական սահմանի սահմանազատում՝վերականգնելու համար 1991-ի ԽՍՀՄ փլուզման պահին գոյություն ունեցած սահմանը, ինչպես նաև տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը երկրների ինքնիշխանության ու իրավազորության հարգմամբ, հավասարության ու փոխադարձության սկզբունքների հիման վրա։

Ակնկալում ենք միջազգային հանրության, այդ թվում ՆԱՏՕ-ի հաստատակամ աջակցությունը ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, ինչպես նաև հարկադրանքի ու սպառնալիքի քաղաքականության  մերժումը։ Գլխավոր քարտուղարին ներկայացրել եմ նաև 1991-ի ՀՀ-Ադրբեջան սահմանագծից զորքերի հայելային ետքաշման, սպառազինությունների փոխադարձ վերահսկման, չհարձակվելու մասին պայմանագրի ստորագրման առաջարկները, որոնք դրական արձագանք չեն ստացել պաշտոնական Բաքվից մինչ օրս։

Մենք հավատարիմ ենք նաև Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման օրակարգին։ Թուրքիայի հետ դեռևս 2022-ին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը կարող է դրական ազդել հարավկովկասյան տարածաշրջանում կայունության հաստատման վրա։ Առիթ ենք ունեցել անդրադառնալ նաև ՀՀ զինված ուժերի  բարեփոխումների օրակարգին ընդգծել եմ, որ այս գործընթացը ուղղված չէ որևէ պետության դեմ ու միտված է  բարձրացնել ՀՀ–ի զինված ուժերի պաշտպանական կարողությունները ապահովելու համար ՀՀ տարածքային ամբողջականությունը»,- ասել է նա։