Իրանը պատրաստ է հակաքայլերի, եթե փոխվի Հայաստանի ողջ սահմանը, այլ ոչ միայն Սյունիքը. փորձագետ

Մանրամասներ
Իրան զորավարժություն

Նրանք փորձում են Իրանին ներքաշել պատերազմի մեջ, իսկ Թեհրանը դա դիտարկում է որպես դավադրություն և փորձում է հարցերը լուծել դիվանագիտական ​​ճանապարհով, բայց պատրաստ է հակաքայլերի՝ Հայաստանի ողջ սահմանի հնարավոր փոփոխությունների, այլ ոչ թե միայն Սյունիքի համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստան-Իրան համագործակցության զարգացման հիմնադրամի ղեկավար Պույա Հոսեյնին։

Նրա խոսքով՝ Իրանը մտահոգված է, որ Հարավային Կովկասը կարող է հակաիրանական գործողությունների ցատկահարթակ դառնալ։

Նա պարզաբանեց, որ Իրանն առաջին հերթին անհանգստացած է Ադրբեջանում Իսրայելի ներկայությամբ։

«Իրանը մերժում է Ադրբեջանի կողմից ցանկացած հնարավոր ագրեսիա և հայտարարում է, որ կողմերը (Երևանն ու Բաքուն) պետք է իրենց հարցերը լուծեն բանակցությունների միջոցով։ Տարածաշրջանում լարվածությունն ուղղված է ոչ միայն Հայաստանի անվտանգության, այլ նաև Իրանի դեմ։ Տարածաշրջանում երրորդ ուժերի, այդ թվում՝ ԵՄ դիտորդների առկայությունը Հայաստանում, խորացնում է հակասությունները և առաջացնում տարածաշրջանի երկրների շահերի բախում։ Թեհրանը մտահոգված է, որ այդ դիտորդները կարող են տվյալներ հավաքել Իրանի վերաբերյալ, ինչի մասին զեկուցվել է հայկական կողմին։ Հայաստանն իր հերթին վստահեցրել է, որ հակաիրանական գործողություններ չի ձեռնարկում։ Բայց Իրանը չի վստահում Արևմուտքին»,- նշել է փորձագետը։

Նա ընդգծեց, որ գոյություն ունեցող ձևաչափերից միայն «3+3» ձևաչափով Իրանը կարող է աջակցել Հայաստանի դիրքորոշմանը, ինչի մասին են վկայում վերջին հանդիպմանը հաջորդած հայտարարության հայանպաստ կետերը, որտեղ խոսվում է ագրեսիայից զերծ մնալու անհրաժեշտության մասին։

«Իրանը պատրաստ է միջնորդ դառնալ հայ-ադրբեջանական բանակցություններում»,- եզրափակել է Հոսեյնին։