Սահմանադրության ո՞ր դրույթներն են փոփոխման ենթակա․ նախագիծ

Մանրամասներ
Նիկոլ Փաշինյան Սահմանադրություն ՍԴ

Գոյություն ունի Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից հաստատված սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծ։

Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին Արդարադատւթյան նախարարությունից` ի պատասխան գրավոր հարցման։

Գերատեսչությունից չեն հստակեցրել, թե հանձնաժողովը մայր օրենքի որ դրույթներն է քննարկում փոփոխել, սակայն նշում են, որ հաստատված նախագծում «առկա են դրույթներ, որոնք վերաբերում են պետության կառավարման ձևին, նախագահի լիազորությունների շրջանակին, Սահմանադրության 2-րդ և 3-րդ գլուխների տարանջատումը վերացնելուն և սոցիալական, տնտեսական ու մշակութային հիմնական իրավունքները մարդու հիմնական իրավունքների գլխում ամրագրելուն, Սահմանադրությամբ պետական և, հատկապես, ինքնավար մարմինների ստեղծման հնարավորությանը և դրանց կարգավիճակին, մի շարք պաշտոնների համար առաջադրվող քաղաքացիության և նստակեցության ցենզերին, Սահմանադրությամբ մասնավոր իրավունքի սուբյեկտներին պետական մարմինների լիազորությունների պատվիրակման հնարավորությունը նախատեսելուն»։

Նշվում է, որ հայեցակարգը նախատեսում է նաև Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու ընթացակարգը կարծրացնելուն և այլ կարգավորումներին վերաբերող փոփոխություններ, որոնք արդեն հաստատվել են նաև Սահմանադրական բարեփոխումների խորհրդի կողմից:

Արդարադատության նախարարությունից նաև հայտնել են, որ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահն է իրավաբան-գիտնական Դավիթ Հակոբյանը։ Թե ուրիշ ինչ մասնագետներ են ներառված մասնագիտական հանձնաժողովի կազմում՝ գերատեսչությունից չեն հստակեցնում։

Նշենք, որ Դավիթ Հակոբյանը Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ էր ընտրվել հայտարարված մրցույթի արդյունքում` 2023թ –ի փետրվարի 3-ին։ Ավելի ուշ Հակոբյանը դարձել էր հանձնաժողովի աշխատանքները համակարգողը։

Հիշեցնենք` ՀՀվարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 19-ին հայտարարեց, թե Հայաստանը նոր Սահմանադրության կարիք ունի, իսկ փետրվարի 1-ին Հանրային ռադիոյի եթերում ասաց, որ հարկավոր է կարգավորել հռչակագրի հետ մեր հարաբերությունները։