Այս ամենը կուտակվեց ու փլուզվեց Նիկոլ Վովաևիչ Փաշինյանի ու նրա կառավարության վրա․ Նա իրականում քիչ մեղք ունի կատարվածի համար․ Լուկաշենկո

Մանրամասներ
նիկոլ լուկաշենկո ալիև

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ընտրություններում քվեարկությունից հետո պատասխանելով լրագրողների հարցերին, պատմել է, թե ինչպես է ժամանակին միջնորդի դեր կատարել Բաքվի և Երևանի միջև՝ փորձելով խաղաղ ճանապարհով լուծել հայ-ադրբեջանական հակամարտությունը։ Նրան մեջբերում է BelTA-ն։

Ըստ Լուկաշենկոյի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մի քանի տարի ոչ միայն խաղաղ կարգավորման կոչ է արել, այլև ֆինանսական աջակցություն է առաջարկել հայկական կողմին: «Ես անկախ ինձնից միջնորդ դարձա: Բաքվից գնացի Երևան և այդ ազդակները փոխանցեցի։ Ադրբեջանը հարուստ երկիր է. բազմաթիվ առաջարկներ են եղել այս հարցը բարեկամական ճանապարհով լուծելու համար, այդ թվում` Հայաստանի տնտեսության մեջ մինչև միլիարդավոր դոլարների ներդրումներ»,- նշել է Լուկաշենկոն։

Այդուհանդերձ, Հայաստանի նախկին ղեկավարությունը, ըստ նրա, չհամաձայնեց խաղաղ կարգավորմանը, և կուտակվեցին խնդրահարույց հարցեր։ «Այս ամենը կուտակվեց ու փլուզվեց Նիկոլ Վովաևիչ Փաշինյանի, նրա կառավարության վրա։ Նա իրականում քիչ մեղք ունի կատարվածի համար: Բայց այս խնդիրը պետք է լուծվեր։ Ավելին, Հայաստանի կողմից օկուպացված ադրբեջանական շրջաններն անապատ էին։ Ամենագեղեցիկ վայրում, ջերմ, հարմարավետ վայրում, որտեղ մարդիկ կարող էին ապրել։ Ավելի քան մեկ միլիոն ադրբեջանցի փախստականները հսկայական բեռ են Ադրբեջանի համար, կան բազմաթիվ այլ խնդիրներ»,- ասել է Բելառուսի ղեկավարը։

«Դե, կռիվ եղավ, վերջացավ։ Ինչպիսի՞ն պետք է լիներ մեր դիրքորոշումը։ Հայերը մեր մտերմներն են, մեր հարազատ ժողովուրդը։ Իսկ Ադրբեջա՞նը, հո օտար չէ. դրա համար էլ հայտնվեցինք այս իրավիճակում։ Եվ ՀԱՊԿ-ի համար այս հակամարտության մեջ մտնելու պատճառներ չկային։ Մեզ համար բացարձակապես ոչ մի պատճառ չկար»,- ընդգծել է Լուկաշենկոն։

Նա նշել է, որ այս թեման մեկ անգամ չէ, որ քննարկվել է, և որ ՀԱՊԿ-ի բոլոր անդամների համար Ադրբեջանն օտար երկիր չէ. «ՀԱՊԿ-ում կան բազմաթիվ մահմեդական երկրներ։ Դուք էլ եք սա հասկանում։ Սա մասամբ համապատասխան դիրքորոշում է։ Եվ երրորդ՝ Հայաստանը ցանկանո՞ւմ էր, որ մենք ներքաշվենք Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի մեջ։ Այսպիսով, այս պատերազմը դեռ շարունակվելու էր, և հազարավոր մարդիկ կմահանային: Կարծում եմ, որ Ադրբեջանն ու Հայաստանը, ցավոք, պատերազմի միջոցով ի վերջո եկան խնդրի ճիշտ լուծմանը։ Հայաստանը (և նրանք դա խոստովանել են) գրավել էր հինգ-վեց ադրբեջանական շրջաններ»։

Լուկաշենկոն նաև մատնանշեց Ֆրանսիայի հետ Հայաստանի շփումները. «Նրանք անընդհատ շփվում են այնտեղ՝ Ֆրանսիայում, Էմանուել Մակրոնի հետ։ Հետևեցին հայտարարությունները, թե Ֆրանսիան կօգնի հակաօդային պաշտպանության համակարգերով, ռազմական ոլորտում և տնտեսության մեջ։ Իբրև թե, Երևանին կդնի իր ուսերին ու կտանի։ Ոչ ոք էլ ոչ մեկին չի տանի։ Դուք տեսնում եք, թե ինչ է կատարվում Ֆրանսիայում. Ուստի Երևանի քաղաքական գործիչները պետք է արթնանան և, ինչպես ժողովուրդն է ասում, չկորցնեն այն, ինչ ունեն»։