Ճամբարակ, Ջերմուկ, Կապան, Բերդ քաղաքներում վորքաութ տեսակի մարզահրապարակներ կկառուցվեն

Մանրամասներ
խաղահրապարակ

2024 թվականի պետբյուջեով կապիտալ ծրագրի համար նախատեսված և օբյեկտներով չբաշխված գումարներից կկատարվի վերաբաշխում 638 միլիոն 444 հազար գումարի չափով, որը կուղղվի մանկապարտեզների և մարզադպրոցների, ինչպես նաև վորքաութ տեսակի մարզահրապարակների նախագծմանն ու կառուցմանը:

Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության՝ փետրվարի 23-ի նիստին ներկայացրեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Ըստ նախարարի՝ 500 մանկապարտեզների կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման ծրագրի շրջանակում ընտրվել են 450 հաստատություններ, որոնցից 139-ում ավարտվել են շինարարական աշխատանքները, ընտրված մանկապարտեզներից 12-ի շինարարությունը նախատեսված է իրականացնել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ և Համաշխարհային բանկի աջակցությամբ:

«Հինգ մանկապարտեզների մասով վարկային միջոցները լրացնելու կարիք ունենք, այսինքն՝ պետական բյուջեից հավելյալ հատկացումների, և այդ ֆինանսավորումն ենք, ըստ էության, ապահովում, ինչպես նաև ապահովում ենք երկու մարզադպրոցների կառուցումը: Այսպիսով, նախագծով 461,4 միլիոն դրամ գումար է հատկացվում 5 մանկապարտեզների համար, որոնցից 3-ը նախագծման աշխատանքներ են, մյուսը՝ կառուցման, մյուսը՝ վերակառուցման»,- ասաց նախարարը:

173,6 միլիոն դրամ կհատկացվի 2 մարզադպրոցների համար, որոնք կկառուցվեն Արմավիրի մարզում: 10 վորքաութ տեսակի մարզահրապարակների համար կհատկացվի 4,6 միլիոն դրամ: Մարզահրապարակները կկառուցվեն Գեղարքունիքի, Տավուշի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում, իսկ ավելի կոնկրետ՝ Ճամբարակ, Բերդ, Ջերմուկ, Կապան քաղաքներում:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորեց վորքաութ տեսակի մարզաձևը՝ ընդգծելով, որ այն աշխարհում ավելի ու ավելի պոպուլյար է դառնում:

«Մեր վերլուծությունները ցույց են տալիս, որ նաև փողոցներում նման ենթակառուցվածքների գոյությունը լավ միջոց է պատանիներին, երիտասարդներին քրեածին հակումներից, դրսևորումներից հետ պահելու և նրանց էներգիան այլ ուղղությամբ զարգացնելու համար»,- ասաց վարչապետը, ապա ընդգծեց, որ մեխանիզմներ է պետք ստեղծել, որպեսզի մարդիկ դա օգտագործեն, ուստի նաև Վորքաութի ֆեդերացիան այստեղ անելիք ունի: