Դիլետանտական է այն մոտեցումը, որ կարող է գնանք, հանդիպենք հանձնաժողովում և ինչ-որ բան հանձնենք․ Մհեր Գրիգորյան

Մանրամասներ
Մհեր Գրիգորյան Շահին Մուստաֆաև

Վստահ եմ ինքներդ էլ գիտեք, թե ինչ բարդ է դելիմիացիայի գործընթացը, քարտեզ ասելիս պետք է հասկանանք, որ խոսքը պետք է գնա բացառապես տոպոգրաֆիկ քարտեզների մասին, որոնք պրոֆեսիոնալ քարտեզներ են։

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե որ թվականի քարտեզներով է իրականացվում դեմարկացիայի ու դելիմիացիայի գործընթացը։

«Մարդիկ շատ դեպքերում շփոթում են սխեմատիկ, մեթոդական քարտեզները տոպոգրաֆիկ քարտեզների հետ։ Իրականության մեջ դելիմիտացիայի գործընթացը միայն քարտեզների հետ աշխատանք չէ։ Դա առաջին հերթին իրավական հիմքի ու հենքի բացահայտումն է, որի վրա կազմվել է այս կամ այն քարտեզը, ընդ որում ամեն մարմին չէ, որ իրավունք է ունեցել խորհրդային միության ժամանակ քարտեզ կազմելու»,- ասաց նա։

Լրագրողի հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի այն հայտարարությունը, որ ռուսական կողմը անհրաժեշտ քայլեր չի ձեռնարկել Ներքին Հանդում տեղի ունեցածը կանխելու համար, Գրիգորյանն ասաց․

«Ես կարծում եմ, որ անհրաժեշտ քայլերն արվել են, կան քայլեր, որոնց մասին հիմա չեմ կարող խոսել»։

Անդրադառնալով ադրբեջանական կողմի հետ վերջին հանդիպման արդյուքններին, փոխվարչապետը ասաց․

«Մենք ունենք համատեղ հաստատված աշխատակարգ  ու ես արդյունվետ եմ գնահատում այդ աշխատանքի ձևը, շատ զգայուն հարց ենք քննարկում։ Սահմանազատման հարցը ընդհնրապես շատ զգայուն հարցն է, որպեսզի հարթակը աշխատի կոնստրուկտիվ՝ պայմանավորվել ենք, որ հանդիպումների արդյունքում մեր հրապարակումները սահմանափակվում են այնքանով, որքանով համաձայնեցրել ենք համատեղ»։

Լրագրողի դիտարիկմանը, որ հանրությունը հանդիպումների մասին սահմանափակ ինֆորմացիայի պարագայում սպասում է, որ որևէ բան կարող է հանձնվել, փոխվարչապետը նշեց․

«Դիլետանտական է այն մոտեցումը, որ մենք կարող է գնանք, հանդիպենք հանձնաժողովում և իրար ինչ-որ բան հանձնենք։ Բացի այդ մենք որոշումների կայացման սահմանադրական կարգեր ունենք, որոնցից չենք կարող շեղվել, ասել, որ գնացել են ու թաքուն են պահել, անիմաստ խոսակցություն  է»։