Հունվարի վերջին տասնօրյակից սկսած Հայաստանում 1 լիտր բենզինի գինը նվազել է մոտ 40 դրամով: Այսօր լցակայանների մեծամասնությունում բենզինի «ռեգուլյար» տեսակը վաճառվում է 490, իսկ «պրեմիումը»՝ 530 դրամով:
«Արմենպրես»-ի հետ զրույցում տնտեսագետ Աղասի Թավադյանը գնանկումը պայմանավորեց համաշխարհային տնտեսական գործընթացներով` նշելով, որ իր կանխատեսմամբ առաջիկա մի քանի ամսում բենզինը շարունակելու է էժանանալ:
Նա առանձնացրեց Հայաստանում բենզինի գնի ձևավորմանը նպաստող երեք հիմնական գործոններ՝ ԱՄՆ-ում բենզինի գների նվազում, համաշխարհային շուկայում նավթի գների անկում և Ռուսաստանի կողմից բենզինի արտահանման արգելքի վերացում (այն գործում էր անցյալ տարվա սեպտեմբերի 21-ից հոկտեմբերի 22-ը):
«Ընդհանուր առմամբ, այդ երեք գործոններն էլ, յուրաքանչյուրը յուրովի, նպաստում են Հայաստանում բենզինի գնի ձևավորմանը: Հարկ է նշել, որ դեռևս անցյալ տարվա փետրվարին մեր երկրում բենզինը վաճառվում էր 380-400 դրամով: Այնուհետև, մինչև սեպտեմբերի 4-ը գները աստիճանաբար աճեցին՝ 3 ամիս առաջ հասնելով առավելագույնին, երբ «ռեգուլյարն» ու «պրեմիումը» արդեն վաճառվում էին համապատասխանաբար 540 և 570 դրամով: Վերջին թանկացումը, որը տեղի ունեցավ հոկտեմբերի 4-ին, իրականում պայմանավորված էր դրամի արժեզրկմամբ, որը նաև մեր շուկայի արձագանքն էր Լեռնային Ղարաբաղի անկմանը: Հայաստանում բենզինի գինը միշտ էլ պարբերաբար տատանվել է: Մեր երկրի սահմանին այն համադրելի է եղել համաշխարհային շուկայի միտումներին և պայմանավորված չի եղել այսպես կոչված ներքին օլիգոպոլիկ համաձայնությամբ: Ներկայիս գնանկումը նույնպես այդ միտման դրսևորումն է: Կարծում եմ, բենզինի գինը մեր երկրում շարունակելու է իջնել»,- նշեց Աղասի Թավադյանը:
Շարունակությունը՝ այստեղ:
0Comments