Առաջիկա տասնամյակում կարող է ի հայտ գալ աշխարհի առաջին տրիլիոնատերը. Oxfam

Մանրամասներ
դոլար

Աշխարհում աղքատության և անարդարության դեմ պայքարող Oxfam միջազգային կազմակերպությունը հայտարարել է, որ առաջիկա տասը տարվա ընթացքում աշխարհում կարող է ի հայտ գալ առաջին տրիլիոնատերը։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Associated Press-ի հրապարակումը։

Ընկերությունը, որը մշտապես ընդգծում է չափազանց հարուստների և աղքատների միջև տարբերության աճը, Դավոսում անցկացվող Համաշխարհային տնտեսական համաժողովի ժամանակ հայտարարել է, որ այս տարբերությունն աճել է կորոնավիրուսի համավարակից ի վեր։

Ըստ կազմակերպության՝ 2020 թվականից ի վեր հինգ ամենահարուստ մարդկանց՝ Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկի, LVMH ընկերության ղեկավար Բեռնար Առնոյի և նրա ընտանիքի, Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի, Oracle-ի հիմնադիր Լարի Էլլիսոնի և ներդրող Ուորեն Բաֆեթի կարողություններն իրական արտահայտությամբ աճել են 114 %-ով:

«Աշխարհի առաջատար հինգ միլիարդատերերը կրկնապատկել են իրենց հարստությունը։ Մյուս կողմից, գրեթե 5 միլիարդ մարդ ավելի աղքատ է դարձել», - Դավոսի համաժողովի ժամանակ ասել է Oxfam-ի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ամիթաբ Բեհարը։

«Շատ շուտով, ըստ Oxfam-ի կանխատեսումների, մենք առաջիկա տասնամյակի ընթացքում կունենանք տրիլիարդատեր։ Մինչդեռ աղքատությունը հաղթահարելու համար մեզ ավելի քան 200 տարի է հարկավոր», - ասել է նա։

Այժմ աշխարհի ամենահարուստ մարդն է համարվում ամերիկացի գործարար և ճարտարագետ Իլոն Մասկը, որի կարողությունը գնահատվում է գրեթե 250 միլիարդ դոլար։