ՀՀ փոխոստիկանապետը, մոտ 40 համազգեստով և մոտ 10 քաղաքացիական հագուստով ոստիկաններ Մաշտոցի պուրակից բերման են ենթարկել Սուրեն Սահակյանին

Մանրամասներ

ՀՀ փոխոստիկանապետը, մոտ 40 համազգեստով և մոտ 10 քաղաքացիական հագուստով ոստիկաններ կեսգիշերին Մաշտոցի պուրակից բերման ենթարկեցին Սուրեն Սահակյանին, Վահագն Մինասյանին ու Հայկ Սահակյանին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Քաղաքացու որոշում» կուսակցության Գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը:

«Նրանք փորձում էին վրան տեղադրել, որպեսզի առաջիկա շաբաթը անցկացնեն շուրջօրյա հանդիպում-քննարկումներով։ Այդ քննարկումների նպատակն է ձևավորել նախաձեռնող շտաբ` Հայաստանին սպառնացող վտանգները չեզոքացնելու նպատակով։

Բնականաբար ոստիկանության ապօրինի այս գործողությունը ոչինչ չի փոխի և տղերքը պնդում են, որ հնազանդվելը մահ է, պայքարը` կյանք», - գրել է նա։

Ավելի վաղ Սուրեն հասարակական-քաղաքական գործիչ Սուրեն Սահակյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ Մաշտոցի պուրակում հանրային քննարկում էր հրավիրել, որից հետո պատրաստվում է առաջիկա շաբաթն անցկացնել այնտեղ` շուրջօրյա հանդիպումներով ու քննարկումներով, որի համար նախատեսում է տեղադրել վրան։

«Ոստիկանությունը չի կարողանում մեջբերել իրավական ակտը, որն ինձ արգելում է վրան տեղադրել 40 աստիճան շոգից պաշտպանվելու համար։ Փոխարենը կուտակել է մի քանի տասնյակ ոստիկաններ, որոնք պլանավորում են ինձ և ընկերներիս բերման ենթարկել վրան տեղադրելու դեպքում», - նշել էր նա։