Գեղարքունիքում մատուռի մոտ տոպրակի մեջ նորածին տղայի են թողել

Մանրամասներ

Այսօր՝ հուլիսի 22-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 11։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ներքին Գետաշեն գյուղի «Սուրբ թաղ» թաղամասում՝ մատուռի հարևանությամբ նորածին երեխա կա։

Ոստիկանները նշված վայրում մատուռի հարանությամբ հայտնաբերել են դեղին պոլիէթիլենային տոպրակի մեջ տղա երեխայի։

Ոստիկաններն անմիջապես ահազանգել են «Մարտունու» բժշկական կենտրոն։ Եվ օպերատիվորեն ժամանած Մարտունու բժիշկները տեղում բուժօգնություն են ցուցաբերել երեխային և տեղափոխել բժշկական կենտրոն։ Այս պահին ռեանիմոբիլով բժիշկները երեխային պետք է տեղափոխեն Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Արթուր Ավագյանի, բաժնի պետի տեղակալ Քոչար Քոչարյանի գլխավորությամբ։

Պարեկները սահմանազատել են տարածքը։ Դեպքի փաստով՝ Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են՝ ով երեխայի մայրը։