Փաշինյանը պետք է լռի, ոչինչ չխոսի․ Վարդան Օսկանյան

Մանրամասներ

Հայաստանի որևէ նախկին նախագահ կամ որևէ նախկին իշխանություն չի ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը՝ անդրադառնալով 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարություններին։

«Անկախ նրանից, թե Նիկոլ Փաշինյանը ինչ կասի և ինչպես կմեկնաբանի, այդպիսի բան չի եղել։ Փաշինյանն է ՀՀ-ի առաջին ղեկավարը, որ նման բան է ասել ու հիմա փորձում է  դա ֆորմալիզացնել՝ համապատասխան փաստաթղթերը ստորագրելու համար»,- ասաց նա։

Օսկանյանի կարծիքով՝ դիվանագիտական ճակատում կան հնարավոր ճանապարհներ՝ ստեղծված իրավիճակը շտկելու առումով։

«Այսօր այլընտրանք կա այն ամենին, ինչը փորձում է անել Փաշինյանը։ Պատերազմը, որը հաճախ մեզ փորձում են մատուցել որպես անխուսափելի, բացառված էր։ Պատերազմը Փաշինյանն է բերել մեր ժողովրդի գլխին իր սխալների պատճառով, ուղղակի վստահ եմ դրանում։

Շրջանառվող այն ենթադրությունը, որ այն, ինչ կատարվում է, նաև միջազգային հանրության ցանկությունն է, նրանց պարտադրանքն  է ու արվում է նրանց ճնշման տակ, պետք է ամբողջությամբ վերանայել ու դրան տալ նոր ընկալում։ Այո, միջազգային հանրության համար ցանկալի է, որ ԼՂ հարցը վերջիվերջո հանգուցալուծվի, բայց, թե ինչպես դա կարվի, հավատացեք միջազգային հանրությանը այդքան էլ չի հետաքրքրում։

Նրանք գնում են այն ճանապարհով, որ իրենց առաջ բացվել է, որ ճանապարհը հեշտ է հարցի հանգուցալուծման համար, դա էլ վերցնում են։ Նիկոլ Փաշինյանը այսօր միջազգային հանրությանը ցույց է տալիս ամենահեշտ ճանապարհը՝ Ղարաբաղը հանձնել Ադրբեջանին, իհարկե միջազգային հանրությունը կաջակցի դրան, որպեսզի հարցը հանգուցալուծվի։ Այն պահին, որ ՀՀ իշխանությունները նոր ձևակերպում կտան  բանակցությունների բնույթին, միջազգային հանրության մոտ դիրքորոշման կտրուկ փոփոխություն կլինի։

Եթե այսօր լիազորություն տրվի ինձ, մի խումբ դիվանագետների, վստահեցնում եմ ձեզ շատ կարճ ժամանակում, երկու-երեք ամսվա ընթացքում  կտրուկ կարելի է իրավիճակում փոփոխություն մտցնել, բայց այդ լիազորությունը պետք է լինի 100 տոկոս, Փաշինյանը երեք ամիս պետք է լռի, այնքան վնաս, ինչքան վնաս տրվել է հայ ժողովրդին ու Հայաստանին՝ Փաշինյանի խոսելու արդյունքում, այլ բան չի եղել։ Փաշինյանի խոսելը մեր գլխին բերել է պատերազմ, այսօր Փաշինյանի շարունակել խոսելը  առավել բարդացնում է իրավիճակը»,- ասաց Օսկանյանը։

Նախկին արտգործնախարարի խոսքով՝ այդ բանակցային խումբը երեք հիմնական  քայլ պետք  անի։

«Առաջին՝ փոխի բանակցությունների տրամաբանությունը և նարատիվը՝ հետևյալ կերպ․ մենք բանակցում ենք, ոչ թե անարդար պատերազմի արդյունքում ստեղծված, ոչ հավասար պայմաններում, պատերազմի սպառնալիքի տակ ստեղծված հարցեր՝ ստորագրելու խաղաղության պայմանագիրը, այլ մենք մտնում ենք բանակցությունների մեջ՝ ոչ հավասար պայմաններում որոնելու այն ճիշտ ճանապարհները, որը հնարավորություն կստեղծի ՀՀ-ին ու Ադրբեջանին՝ հասնելու արդար ու կայուն խաղաղության։

Երկրորդ՝պետք է ընդլայնել այսօր առկա բանակցային օրակարգը։ Այսօր բանակցային օրակարգում հայկական պահանջ չկա, կան միայն Ադրբեջանի պահանջները։ Հայաստանի պատվիրակությունը Վաշինգտոնում և այլուր բանակցում է Ադրբեջանի պահանջներին փաթեթավոում տալ, որ մեր ժողովրդին ավելի ընկալելի լինի։

Երրորդ՝ պետք դնել հայկական պահանջները։ ԼՂԻՄ-ի՝  սովետական շրջանի կարգավիճակի հարցը պետք է դնել օրակարգում։ Այն փաստը, որ սովետական շրջանում ԼՂԻՄ-ը եղել է ինքնավար մարզ, այսօր պետք է լինի բանակցությունների օրակարգում։ Չմոռանանք, որ այդ փաստն էր, որ 1991թ-ին, որ հնարավորություն տվեց Արցախի ժողովրդին ձգտելու ինքնորոշման։ Հենց այդ փաստը օրինականացրեց, որ Արցախի ժողովուրդը  խորհրդային շրջանում ունեցել է ինքնավար մարզ։ Այս հարցին որևէ մեկը հակափաստարկ չի կարող բերել»,- ընդգծեց նախկին արտգործնախարարը։

Օսկանյանը վստահեցրեց նաև, որ միջազգային հանրությունը կստիպի Ադրբեջանին բանակցել այս հարցի շուրջ։