ԵՄ երկրները քննարկում են Ուկրաինային սպառազինությունների արագացված մատակարարման հարցը

Մանրամասներ

ԵՄ-ի երկրները երկուշաբթի օրը կքննարկեն Ուկրաինային սպառազինությունների արագացված մատակարարման հարցը: Նման տեղեկություն է հայտնել Ֆրանսիայի արտգործնախարար Քեթրին Կոլոնան։ Այդ մասին տեղեկանում Է «РИА Новости» գործակալությունից:

Երկուշաբթի օրը Բրյուսելում անցկացվում է ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը։ «Այսօր մենք կրկին կքննարկենք Ուկրաինայում իրադրությունը և նրան ցուցաբերվող օգնությունը, Ուկրաինային զինամթերքի արագացված փոխանցման եվրոպական մեխանիզմի մասին… առաջարկը, որը կնպաստի արագ գնումներին լավագույն գնով, ինչպես նաև սպառազինությունների արտադրության եվրոպական հնարավորությունների ուժեղացմանը», – լրագրողներին ասել է Կոլոնան։

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելն իր հերթին հայտարարել է, թե հույս ունի, որ Եվրամիության արտաքին գործերի և պաշտպանության նախարարները մարտի 20-ին կհամաձայնեցնեն Կիևին 2 միլիարդ եվրո գումարի զինամթերքով ապահովելու պլանը: Ռուսաստանն ավելի վաղ ՆԱՏՕ-ի երկրներին նոտա Է հղել Ուկրաինային սպառազինություններ մատակարարելու պատճառով:

ՌԴ ԱԳՆ-ի ղեկավար Սերգեյ Լավրովը նշել Է, որ բոլոր բեռները, որոնք սպառազինություն են պարունակում Ուկրաինայի համար, օրինական թիրախ կդառնան Ռուսաստանի համար: ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ի երկրները «կրակի հետ են խաղում»՝ զենք մատակարարելով Ուկրաինային: