Ադրբեջանը տեղեկատվական հող է նախապատրաստում նոր ագրեսիվ գործողությունների համար

Մանրամասներ

Ադրբեջանը տեղեկատվական հող է նախապատրաստում նոր ագրեսիվ գործողությունների համար։ Այս մասին է վկայում Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հայտարարությունը։

«Մարտի 8-ի ժամը 21.30-ից մինչեւ մարտի 9-ի ժամը 04.15-ը ադրբեջանական բանակի դիրքերը ադրբեջանա-հայկական պայմանական սահմանին եւ Ղարաբաղի տնտեսական շրջանում 23 անգամ ենթարկվել են գնդակոծության։

Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները Իսթիսու, ինչպես նաեւ Բասարգեչարի շրջանի Յուհարի Շորժա, Աշաղի Շորժա, Գյունեշլի, Ազիզլի եւ Չեմբերեկի բնակավայրերի ուղղությամբ ընդմիջումներով տարբեր տրամաչափի  հրազենից գնդակոծության են ենթարկել ադրբեջանական բանակի դիրքերը Իսթիսու, Զյայլիք, Մոլլաբայրամլի, Յելիջա եւ Յուհարի Այրըմ բնակավայրերում, Դաշքեսանի շրջանի Աստաֆում, Զամանլիում եւ Գեդաբեկի շրջանի Գյոյյամլիում։

Բացի այդ, հայկական անօրինական զինված կազմավորումները Ադրբեջանի տարածքում, որտեղ ժամանակավորապես տեղակայված է ռուսական խաղաղապահ զորակազմը, ընդմիջումներով գնդակոծել են ադրբեջանական բանակի դիրքերը Խոջավենդի, Լաչինի, Խոջալիի ուղղություններով եւ Շուշա քաղաքի ուղղությամբ։

Ադրբեջանական բանակի ստորաբաժանումները համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկել նշված բոլոր ուղղություններով։

Մեր դիրքերը պարբերաբար գնդակոծելով՝ Հայաստանի զինված ուժերը ադրբեջանական բանակին սադրում են պատասխան կրակ բացել՝ դրանով իսկ փորձելով ոչ ճիշտ կարծիք ստեղծել Եվրամիության քաղաքացիական առաքելության ներկայացուցիչների համար, որոնք գործում են սահմանին, (հայկական կողմը) նախաձեռնում է տարածաշրջանում լարվածությունն արհեստականորեն սրելու փորձեր։

Մեկ անգամ եւս հայտարարում ենք, որ հնարավոր սադրանքների ամբողջ պատասխանատվությունը եւ, որպես հետեւանք, մարդկային կորուստներն ընկնում են պաշտոնական Երեւանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա»,- նշվել է հայտարարությունում։