Իրանը եւ Հայաստանը թույլ չեն տա, որ միջանցք ստեղծվի. Իրանի դեսպան

Մանրամասներ

Որոշ խորամանկություն է նկատվում, խոսվում է այսպես կոչված միջանցնքերի, ինչ-որ գործողությունների մասին, բայց Իրանը եւ Հայաստանը թույլ չեն տա, որ նման միջանցք ստեղծվի։ Այս մասին «Հայ-իրանական հարաբերություններն ընդհանուր շահերի համատեքստում» թեմայով քննարկման ժամանակ փետրվարի 9-ին ասել է Հայաստանում Իրանի Արտակարգ եւ լիազոր դեսպան Աբաս Բադախշան Զոհուրին, գրում է news.am-ը։

Նա նշել է, որ անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանը եւ Իրանն աշխատեն այս ուղղությամբ՝ հանդես գալով նախաձեռնություններով։ «Չպետք է թույլ տանք, որպեսզի նախաձեռնությունը բխի մեկ այլ կողմից, իսկ մենք ընդամենը համապատասխանենք դրան։ Հակառակը, մենք պետք է ինքներս հանդես գանք նախաձեռնությամբ։ Մենք պետք է նայենք, թե ինչ քայլեր են հարկավոր, ոչ թե սպասենք, որպեսզի լինի ինչ-որ միջանցքի բացման նախաձեռնություն, իսկ հետո արդեն մտածենք, թե ինչ դիրքորոշում զբաղեցնենք ու արտահայտենք այն։ Մենք չպետք է դա թույլ տանք», ասել է դեսպանը։

Նա կարեւոր խնդիր է համարել պատմական փաստերի աղճատումը, եւ եթե չլինեին տարածքային փոխանակումները, ապա այսօր, նրա գնահատմամբ, աշխարհաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում կարող էր այլ լինել։ «Այլ երկրները ցանկանում էին, որ իսլամական հեղափոխությունը ձախողվեր։ Դա հանգեցրեց իրանա-իրաքյան պատերազմին, որի արդյունքներով Իրանը ոչ մի թիզ հող չկորցրեց։ Դա ապացուցում է, որ ժողովրդի միասնությունը կարող է հասնել հաջողության անգամ 40-ամյա պատժամիջոցների պայմաններում։ Այդ օրինակին կարող են հետեւել նաեւ այլ երկրները»,- ասել է Աբաս Բադախշան Զոհուրին։

Իրանի եւ Հայաստանի տարածքով անցնող միջազգային տրանսպորտային երթուղու սպառնալիքն ուղղված կլինի ոչ միայն Իրանի եւ Հայաստանի, այլեւ այդ երթուղու մյուս շահառուների դեմ, որոնք այն սպառնալիք կհամարեն իրենց համար, ասել է Զոհուրին։

Նա ասել է, որ Գորիս-Կապան ավտոճանապարհին առկա խնդիրների պատճառով ստեղծված իրավիճակը, որին հաջորդել են այլընտրանքային ճանապարհ ապահովելու ուղղությամբ ՀՀ կառավարության լուրջ ջանքերը, ապացուցում է, որ մեզ անհրաժեշտ են հարմարավետ եւ անվտանգ ճանապարհներ։

Նա հույս է հայտնել, որ առաջիկա տարիների ընթացքում Հայաստանի եւ Իրանի միջեւ տրանսպորտային երթուղու պատկերը լրջորեն կփոխվի: «Մենք վստահ ենք, որ Հայաստանի եւ Իրանի միջեւ բարձրորակ եւ հարմարավետ տրանսպորտային երթուղիները արդյունավետ կլինեն միջազգային ասպարեզում երկու երկրների դիրքերի բարձրացման գործում»։

Դեսպանը հայտնել է, որ շատ շուտով Իրանում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն կբացվի։ Նա համոզմունք է հայտնել, որ այն հարցերը, որոնք բարձրացվում են փորձագիտական մակարդակով, պետք է վերածվեն պահանջի եւ պետք է ձեւավորվի օրակարգ՝ ի շահ երկու երկրների եւ ժողովուրդների։

«Երկու երկրների ղեկավարներն ուշադիր հետեւում են իրադարձությունների զարգացմանը։ Երկու երկրներն էլ պետք է ունենան հատուկ օրակարգ։ Մենք եղել ենք, կանք եւ կլինենք հարեւաններ», նշել է դեսպանը։ Նա օրինակելի քայլ համարեց Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացումը։