Պարտաճանաչ ու խելացի սան էր. հրդեհից զոհված Նարեկ Ավագյանը սուսերամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոն էր

Մանրամասներ

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է ժամկետային զինծառայող Նարեկ Ավագյանը։

19–ամյա Նարեկը Նորագավիթից էր։ Մեկ տարի առաջ էր բանակ զորակոչվել։ Զբաղվում էր սուսերամարտով, մինչև բանակ գնալն ընդունվել էր Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ։

Նարեկն ընտանիքի կրտսեր զավակն էր, մեկ եղբայր ունի։ Նա մասնակցել էր սեպտեմբերյան ռազմական գործողություններին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Նորագավիթի սուսերամարտի մարզադպրոցի ավագ մարզիչ Ալիկ Նավասարդյանը։

«Տասը տարի մեզ մոտ էր սովորում, մասնակցել էր բազմաթիվ մրցումների և բազմաթիվ մրցանակներ նվաճել։ Սուսերամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոն է, միջազգային կարգի մրցանանակիր։ Նարեկը կարելի է ասել՝ մեր ձեռքի տակ է մեծացել, շատ համեստ, պարտաճանաչ ու խելացի սան էր։ Մենք պատրաստվում էինք դիմել պատկան մարմիններին, որ թույլատրեն Նարեկը մասնակցի սուսերամարտի աշխարհի առաջնությանը, էն էլ էս ողբերգական դեպքը տեղի ունեցավ»,-ասաց Ալիկ Նավասարդյանը։