Ջերմուկի մուտքն ու ելքը վտանգված են․ Թշնամու հրետանին աշխատում է քաղաքի ուղղությամբ

Մանրամասներ

1

«Քաղաքի ուղղությամբ հրետանին աշխատում է, քաղաքում մուտքի, ելքի ճանապարհը վտանգված է: Անմիջապես միգուցե ճանապարհի անմիջապես ասֆալտապատ ծածկույթը չի հարվածվել այս պահին, բայց նրան հարակից հարվածներ ստանում է տարածքը։ Մի խոսքով` մուտքն ու ելքն էլ է վտանգված», - «Ազատությանն» ասաց Ջերմուկ համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Սարգսյանը:

Քաղաքացիական անձանց շրջանում այս պահի դրությամբ վիրավորներ չկան, ասաց փոխքաղաքապետը:

Ջերմուկի համայնքապետի տեղակալի տեղեկացմամբ՝ ովքեր չեն կարողացել հեռանալ քաղաքից՝ ապաստարաններում են. «Առաջին պահից, երբ խնդիրը սկսել է, բնակչությունն ինքնակամ քաղաքը լքել է՝ ովքեր ցանկացել են, ովքեր չեն ցանկացել, քաղաքում են, օգտվում են ապաստարաններից, պայքարում են, կռվում են, ով էլ ցանկանում է քաղաքապետարանն աջակցում է, դուրս է բերում։ Եթե տրանսպորտի խնդիր ունեն, տրասնպորտի խնդիրն ենք լուծում, սննդի խնդիր ունեն, սննդի խնդիրն ենք լուծում», - ասաց Սարգսյանը։

Ռազմական օբյեկտներից բացի, թիրախավորված են նաև քաղաքացիական ենթակառուցվածքները, բնակելիները: Այսօր հրետակոծվել է Սյունիքի Աղիտու- Նորավան ճանապարհը: Աղիտուի 130 ընտանիքներ տարհանվել են, տեղեկացրեց համայնքապետ Ավետիս Ավետիսյանը:

«Ռմբակոծությունը հիմա էլ շարունակվում է, տարհանված է ժողովուրդը, մնացել են երիտասարդները: Կանայք, երեխաները լրիվ հանած է, Սիսիանում են հիմնականում, Սիսիանի գյուղերով: Սնարյադն ընկել է գյուղի բնակելի շինությունների վրա», - հայտնեց նա: