Պետական բյուջեից 1 մլրդ դրամ կհատկացվի ավագ դպրոցներին, որպեսզի ուսուցիչների աշխատավարձերը չնվազեն: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:
Նրա խոսքով՝ ավագ դպրոցները դարձել են համակարգի ամենաանտեսված կառույցները. «Ամենավատ դպրոցներն են տվել ավագ դպրոցներին, ծրագիրը վատ են մշակել, և կրկնուսույցի ինստիտուտն ավելի սկսել է զարգանալ»:
Ըստ Արայիկ Հարությունյանի՝ նախորդ տարվա հունվարին ավագ դպրոցների հաշվին փորձել են նգումար տնտեսել, տարեսկզբին ավագ դպրոցների գործակիցը զգալի նվազել է, ինչի արդյունքում զգալի նվազել են այդ դպրոցներին տրվող գումարները: «Եւ միայն տնօրենների կողմից կատարված խնայողությունների և մեր կողմից հատկացված 350 մլն դրամ շնորհիվ կարողացել ենք այնպես անել, որ աշխատավարձերը չնվազեն: Հիմա տարվա սկզբից տնօրեններն ասում են՝ այլևս չեն կարող այնպես անել, որ ներկա ֆինանսավորման կարգով, որը հաստատվել է երկու տարի առաջ, չիջեցնեն աշխատավարձերը: Եվ մենք հիմա տնօրենների հետ քննարկում ենք, որպեսզի հասկանանք՝ որքան է այդ ֆինանսնավորումը կազմելու: Մոտավորապես 1 մլրդ դրամի չափով պետք է տրամադրենք ավագ դպրոցներին, որպեսզի ուսուցիչների աշխատավարձերը չիջնեն»,- ասաց Արայիկ Հարությունյանը:
Աղբյուր` Panorama.am
0Comments