«Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲ ընկերությունը նվիրատվությամբ Երեւանի քաղաքապետարանին հանձնելու եւ դրա հետագա գործունեության ընթացքում չարաշահումների վերաբերյալ Երեւանի քաղաքապետարանից Երեւան քաղաքի դատախազությունում ստացված տվյալների ուսումնասիրության արդյունքում դատախազի հանձնարարությամբ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչությունում նախապատրաստվել են նյութեր: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից։
Պարզվել է, որ 2016թ. նոյեմբերին Երեւանի քաղաքապետարանը բանակցություններ է վարել «Փարկինգ Սիթի Սերվիս» եւ «Լոկատոր» ՓԲ ընկերությունների կոնսորցիումի հետ՝ վճարովի ավտոկայանատեղերի տեղական տուրքի գանձման արդյունքում առաջացող ֆինանսական հոսքերի տնօրինումն ու կառավարումը համայնքային կառույցներին անցնելու հարցի վերաբերյալ: Բանակցությունների վերաբերյալ արձանագրությամբ սահմանվել է, որ Երեւան համայնքն ընդունում է ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնեմասի նվիրատվությունը՝ ստանձնելով դրա ակտիվների ձեռքբերման համար վերցված եւ դրանց համարժեք փոխառությունների մարման պարտավորությունը միայն «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի կողմից հեղինակավոր աուդիտորական կազմակերպության միջոցով իր կատարած ներդրումները, ակտիվներն ու պարտավորությունները գնահատելուց հետո:
Պարզվել է, սակայն, որ բանակցային պայմանավորվածության խախտմամբ, առանց «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ում աուդիտորական գնահատում իրականացնելու, հիմք ընդունելով ստացված խորհրդատվական մի եզրակացություն, ընկերության հիմնական միջոցների արժեք է սահմանվել 1.788.000.000 ՀՀ դրամը, որից հետո Երեւան քաղաքի ավագանու 2016թ. դեկտեմբերի 21-ի թիվ 655-Ա որոշմամբ նշված ընկերության 100% բաժնեմասը որպես նվիրատվություն փոխանցվել է Երեւանի քաղաքապետարանին: Երեւան քաղաքի ավագանու նույն որոշմամբ «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ բաժնետոմսերը հավատարմագրային կառավարման են հանձնվել «Լոկատոր» ՓԲԸ-ին:
Մինչդեռ, պարզվել է, որ նվիրատվության գործընթացում «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ ակտիվների իրական արժեքը, չի համապատասխանում իրականությանը, այն ավել է նշվել 1.051.113.700 մլն ՀՀ դրամով:
Արդյունքում Երեւանի քաղաքապետարանը, «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲ ընկերության կողմից կնքված քաղաքացիաիրավական պայմանագրերի կողմ չհանդիսանալով, ավագանու 21.12.2016թ. N.655 որոշմամբ նման պարտավորություն չունենալով, «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲ ընկերության կողմից բանկին ունեցած վարկային պարտավորությունները կատարելու նպատակով 2017-2018թթ. ընթացքում Երեւան համայնքի բյուջեից կատարել է 713.000.000 ՀՀ դրամի վարկի մարում:
Այսինքն, Երեւանի քաղաքապետարանի համապատասխան պաշտոնատար անձինք, շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, առերեւույթ իրենց պաշտոնեական դիրքը օգտագործել են ծառայության շահերին հակառակ, այն է՝ առանց աուդիտորական գնահատման, հիմք ընդունելով խորհրդատվական եզրակացությունը բանակցային գործընթացում ստանձնել են «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի՝ իրականությանը չհամապատասխանող արժեքով ակտիվների ձեռքբերման համար ստացված վարկի մարման պարտավորությունը։
Միաժամանակ, առանց իրավական հիմքի, 2017-2018թթ. ընթացքում Երեւան համայնքի բյուջեից 713.000.000 դրամի չափով մարել են «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ ունեցած վարկային պարտավորությունները՝ նույն չափի վնաս պատճառելով համայնքին եւ առաջացնելով ծանր հետեւանքներ:
Բացի այդ, պարզվել է, որ «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲ ընկերության պաշտոնատար անձինք, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, 2017-2018թթ. եւ 2019 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում ընկերության աշխատակիցների դրույքաչափերի սխալ հաշվարկման արդյունքում վերջիններիս աշխատավարձերի հավելագրումներ կատարելու, տրանսպորտային միջոցներն առանց վերանորոգելու այդ նպատակով գումարներ դուրս գրելու եւ փաստացի չշահագործվող ավտոմեքենաներին հատկացված վառելիքի համար գումարներ փոխանցելու միջոցով, յուրացման եղանակով հափշտակել են ընդհանուր՝ 20.714.515 ՀՀ դրամ:
Նկատի առնելով, որ նախապատրաստված նյութերում առկա են հանցավոր արարքների հատկանիշներ պարունակող տվյալներ՝ Երեւանի քաղաքապետարանի իրավասու պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ անզգուշությամբ ծանր հետեւանքներ առաջացնելու, ինչպես նաեւ «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու դեպքերի առթիվ Երեւան քաղաքի դատախազության ավագ դատախազի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:
Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:
0Comments