Թրամփը և ԱՄՆ հատուկ ծառայությունները հակասում են իրար. Զարիֆ

Իրանի ԱԳ նախարարի գրառումը Twitter-ում

Իրանի ԱԳ նախարար Մուհամմեդ Ջավադ Զարիֆը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին խորհուրդ է տվել լսել ԵՄ-ին, ՄԱԿ-ին եւ ամերիկյան նախկին պաշտոնյաներին։ Ընդ որում, նա նշել է Թրամփի եւ Իրանի հարցով հետախուզական համայնքի դիրքորոշումների տարբերությունը։

Իր թվիթում Զարիֆը ոչ առանց հեգնանքի նշում է․ «Այդ անհարմար պահը, երբ Դոնալդ Թրամփի հատուկ ծառայությունները հակասում են այն ամենին, որ նա եւ իր վարչակազմի սադրիչները, ինչպես նաեւ իսրայելցիները խոսում են Իրանի մասին։

Նշենք, որ նախօրեին Սենատում, զեկույց ներկայացնելով գլոբալ սպառնալիքների մասին, ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Դեն Քոութսն ասել էր, թե ներկայում Իրանը միջուկային գործունեություն չի ծավալում, իսկ ԿՀՎ-ի ղեկավար Ջինա Հասփելը նշել էր, որ Իրանը տեխնիկապես կատարում է 2015թ․ համաձայնագրով նախատեսված իր պարտավորությունները։