Աշխատանք փնտրելու նոր հնարավորություններ ԵՏՄ անդամ-երկրների քաղաքացիների համար

ԵՏՄ-ում կստեղծվի աշխատանքի միասնական էլեկտրոնային բորսա

Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի եւ Ռուսաստանի քաղաքացիները աշխատանք փնտրելու նոր հնարավորություններ կունենան: Եվրասիական տնտեսական միության մեջ մտնող այս երկրների վարչապետները պայմանավորվել են մշակել աշխատանքի էլեկտրոնային բորսա, հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»:

«Աշխատանքի էլեկտրոնային բորսան գործատուներին եւ աշխատանք փնտրող մարդկանց թույլ կտա մեկ հարթակում տեղադրել եւ գտնել թափուր տեղերը: Եվ աշխատանքային պայմանագրեր կնքել: Սա բավականին հեռանկարային նախագիծ է»,- հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Աշխատանքի միջպետական էլեկտրոնային բորսա ստեղծելու առաջարկը առաջ է քաշել Ղազախստանի աշխատանքի եւ բնակչության սոցիալական պաշտպանության նախարարությունը: Նախարարության կարծիքով՝ նման հարթակը կարող է զարգացնել աշխատուժի միասնական շուկան եւ դյուրացնել միության մեջ ԵՏՄ երկրների քաղաքացիների աշխատանքի տեղավորման հարցը:

Սակայն ԵՏՄ ներսում աշխատուժի հոսքերն անհավասարաչափ են բաշխված, միության միայն 2 երկրներ են հանդես գալիս աշխատուժ ստացող: ԵՏՄ երկրներից Ռուսաստան է գնում աշխատանքային միգրանտների 90 տոկոսը, Ղազախստան՝ 10 տոկոսը: