Այսօր բանավոր են գնում բանակցությունները՝ գրավոր փաստաթուղթ է պետք

Իհարկե, այստեղ որեւէ մեկը չի ուզում, որ պատերազմ լինի, բայց պատրաստվելու համար մեզ փաստաթուղթ է պետք

Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն այսօր Եռաբլուրում պատասխանեց լրագրողների հարցերին:

Վերջինս անդրադարձավ դիտարկմանը, որ Մինսկի խմբի համանախագահները կոչ են անում ժողովուրդներին պատրաստել խաղաղության, նաեւ Հայաստանում Ադրբեջանի շուրջ խաղաղության շուրջ հանրային հարթակում քննարկումներ են ընթանում:

«Այսօր բանավոր են գնում բանակցություններ, եւ նրանք, որոնք այսօր ասում են, որ ժողովուրդներին պետք է պատրաստել խաղաղության, ես համոզված եմ, հորդորում եմ, առաջարկում եմ, որ համապատասխան ինստիտուտները, համապատասխան երկրի ղեկավարները նախ պետք է տարածաշրջանում կնքեն խաղաղության պայմանագիր: Եթե մենք չունենք խաղաղության պայմանագիր, չունենք այն փաստաթուղթը, որը կճանաչի միջազգային հանրությունը, ինչի՞ մասին է խոսքը, երբ ասում են՝ ժողովուրդներին պետք է պատրաստել խաղաղության:

Հիմա ես հարց եմ տալիս՝ ժողովուրդ, դուք պատրաստվո՞ւմ եք խաղաղության: Մենք հո կռվարար ժողովուրդ չենք, մենք միշտ էլ խաղաղության պատրաստ ենք եղել, չենք հրահրել: Հայաստանը եւ այն ժամանակ ԼՂԻՄ-ը պարտադրված մտել ենք պատերազմի մեջ, հայտնվել շրջափակման մեջ: Մենք ընդունել ենք մեզ պարտադրված պատերազմը: Մենք այն ժամանակ էլ 1988-ին, երբ սկսվեց ազգային ազատագրական շարժումը, հիմք ընդունեցինք ԽՍՀՄ Սահմանադրության ազգերի ինքնորոշման մասին համապատասխան հոդվածը: 1921-23 թվականներին, երբ ԼՂԻՄ-ը բռնակցեցին Ադրբեջանին եւ մենք չունեցանք այս ստատուսը: Դրա դիմաց ստացանք պատերազմ»,-ասաց Բալասանյանը:

Վերջինս նշեց, որ գրավոր փաստաթուղթ է պետք, որ Հայաստանում, Արցախում, Ադրբեջանում ապրող ժողովուրդը, Ռուսաստանում ապրող հայերն ու ադրբեջանցիները իմանան, թե ինչի մասին է խոսքը. «Իհարկե, այստեղ որեւէ մեկը չի ուզում, որ պատերազմ լինի, բայց պատրաստվելու համար մեզ փաստաթուղթ է պետք: Պետք է Մինսկի խմբի հովանու ներքո կնքվի խաղաղության այդ պայմանագիրը»: