Վենեսուելայում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչության անձնակազմը հետ է կանչվել

ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել

Վենեսուելայում ամերիկյան դեսպանատան աշխատակիցները լքել են դիվանագիտական ներկայացուցչությունը: Շաբաթ օրը՝ հունվարի 26-ին այս մասին հայտնել է Վենեսուելայի արտաքին գործերի նախարարությունը,- փոխանցում է TACC գործակալությունը:

«Հայտնում ենք, որ երեկ՝ հունվարի 25-ին, Կարակասում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչության անձնակազմը հետ է կանչվել՝ սահմանված ժամկետների համաձայն», - ասվում է ԱԳ նախարարության հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Կարակասում զանգվածային բողոքի ցույցեր են մեկնարկել՝ ընդդեմ գործող նախագահի, որոնց ֆոնին Խուան Գուաիդոն իրեն հռչակել է երկրի ժամանակավոր նախագահ:

Վերջինիս աջակցություն են հայտնել ԱՄՆ-ն, Կանադան, Բրազիլիան, Արգենտինան և մի շարք այլ երկրներ:

Իսկ Մադուրոյին աջակցություն են հայտնել Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան, Չինաստանը:

Մադուրոն, իր հերթին, հայտարարել է, որ խզում է դիվանագիտական հարաբերություններն ԱՄՆ-ի հետ և փակում է Վենեսուելայում ԱՄՆ դեսպանատունն ու ամերիկյան բոլոր հյուպատոսությունները: