Դուք Էդմոն Մարուքյա՞ն եք, դուք Լիլիթ Մակո՞ւնց եք, թե՞ Հայաստանի դեսպան․ Ղազարյանը՝ ՀՀ դեսպաններին

Մանրամասները՝ տեսանյութում

Ընդդիմադիր կուսակցությունները ԱԳՆ-ի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում։

Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը իր ելութում, դիմելով ՀՀ դեսպաններին, ասաց, թե արդյոք իրենք ընդհանրություն են տեսնում մեր պետության արտաքին քաղաքականության գերակայությունների և այսօրվա քաղաքականության մեջ, և եթե դա չեն տեսնում, ինչպես են ծառայում հայ ժողովրդի թշնամիներին։ Ապա հավելեց՝ դուք պետք է հասկանաք՝ դուք Էդմոն Մարուքյա՞ն եք, թե՞ Հայաստանի դեսպան, Դուք Լիլիթ Մակո՞ւնց եք, թե՞ Հայաստանի դեսպան․ ձեզ հավասարեցրել են նրանց՝ ձեզ նսեմացնելու համար։

«Ես ուզում եմ բոլորիդ ուշադրությունը հրավիրել մի փաստի վրա․ վարչական համալիրում, որի առջև մենք հիմա գտնվում ենք, զետեղված են Արտաքին գործերի նախարարությունը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը, Արդարադատության նախարարությունը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, և այդ վարչական համալիրի բակում տեղադրված ութ դրոշաձողերից ութն էլ դատարկ են։ Այս մարդիկ արդեն վախենում են Հայաստանում՝ Հայաստանի պետական կառավարման մարմիններում, դրոշաձողի վրա դրոշ բարձրացնել։ Այսօր այս վիճակին է հասել Հայաստանի Հանրապետությունը։ Միգուցե Ադրբեջանի հետ գոյություն ունեցող ուղիղ կապի պայմաններում նրանց սպառնացել են՝ ասելով, որ եթե դուք Հայաստանի դրոշ բարձրացնեք Հայաստանի արտգործնախարարության բակում, ապա մենք ձեզ կպատժենք, մենք պատերազմ կսանձազերծենք։ Վախեցնում են սրանց ամեն քայլափոխի։ Ես հիմա ողբ եմ ապրում իմ հայրենիքի կորստով, ուզում եմ իմանալ՝ դուք ի՞նչ զգացողություններ ունեք, երբ ձեզ ղեկավար նշանակված ոչ պրոֆեսիոնալ մի քաղաքական պատահականություն կարծիք է հայտնում, որ ինքը համաձայն է, ոչ մի առարկություն չունի Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունում ստեղծված փաստաթղթի որևէ կետի վերաբերյալ։ Ես ուզում եմ իմանալ՝ ի՞նչ զգացողությամբ եք դուք մտնում այդ շենք, այդ հայտարարությունը լսելուց հետո ի՞նչ զգացողությամբ եք բանկոմատից հանում այն դրամը, որը ձեզ վճարում է Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի ձեր մասնագիտական ծառայության համար։ Արդյո՞ք դուք ձեզ նսեմացված, ստորացված չեք զգում։ Արդյո՞ք դուք ընդհանրություն եք տեսնում մեր պետության արտաքին քաղաքականության գերակայությունների և այսօրվա քաղաքականության մեջ։ Եթե դուք դա չեք տեսնում, ո՞նց եք ծառայում հայ ժողովրդի թշնամիներին։ Ո՞նց եք վերաբերվում այդ գործունեությանը։

Սիրելի՛ գործընկերներ, ես հասկանում եմ, որ բարդ է ձեր վիճակը, դիվանագիտական ծառայության մասին օրենքի քաղաքական զսպվածությունը սրան չի վերաբերում։ Դուք այսօր դեսպանի կանգավիճակ ունեք մի մարդու հետ, որը կուսակցության ղեկավար է։ Դուք պետք է հասկանաք՝ դուք Էդմոն Մարուքյա՞ն եք, թե՞ Հայաստանի դեսպան, դուք Լիլիթ Մակո՞ւնց եք, թե՞ Հայաստանի դեսպան․ ձեզ հավասարեցրել են նրանց՝ ձեզ նսեմացնելու համար։ Հրաժարվեք ծառայելու հայ ժողովրդի թշնամիներին»,- ասաց Ղազարյանը։ oragir.news