Արդյոք սա տեղի է ունենում ադրբեջանցիների և խաղաղապահների միջև պայմանավորվածության արդյունքում. Կա հարցադրում. Աղաջանյան

Մանրամասներ
ա

Առնվազն սպառված չի ռուս խաղաղպահների արդիականությունը նրանց պատասխանատվության ներքո գտնվող տարածքում. կարծում եմ՝ վերջիններիս հետ հնարավոր է այնուամենայնիվ, լուծումներ գտնել եւ հասնել այն կետին, որ եռակողմ հայտարարության դրույթներից բխող պարտավորությունները բոլոր կողմերը իրականացնեն, այդ թվում ռուս խաղաղապահները: Այս մասին, այսօր՝ մարտի 25-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը՝ անդրադառնալով Արցախում տիրող իրավիճակին:

Նա նշեց, որ առնվազն սոցցանցերին հետեւելով ունի տպավորություն, որ մտայնությունը, որ ռուս խաղաղապահների ներկայությունը, ըստ էության, որեւէ ազդեցություն գործնականում չի ունենում, առկա է հանրության լայն շերտերի մոտ. «Կան նաեւ հարցադրումներ առ այն, թե արդյոք հնարավոր է, որ սա տեղի է ունենում ադրբեջանցիների եւ խաղաղապահների միջեւ որոշակի պայմանավորվածությունների արդյունքում: Ես անձամբ չէի ուզի այդպես կարծել եւ որեւէ հիմք կամ ցանկություն չունեմ այդ ուղղությամբ մտածելու, բայց կարծում եմ, որ սա եւս մի հարցադրում է, որը պետք է փարատվի մեր ռուս գործընկերների կողմից՝ կոնկրետ գործողությունների գործադրման արդյունքում, որի արդյունքում ադրբեջանական զինված ուժերը կվերադառնան ելման դիրքեր եւ այս լարվածությունը կնվազի: Դրա արդյունքում մեր հանրության ընկալումները կփոխվեն, կասկածները կփարատվեն:

Ինչ վերաբերում է այլընտրանքային մեխանիզմների  ներդրման հնարավորությունների մասին, մենք չենք կարծում, որ մեր ռուս գործընկերների հետ կոնկրետ այս համատեքստում հարաբերվելու կամ համագործակցելու հնարավորությունները սպառված են: Գործնականում աշխատանքները շարունակվում են: Պաշտպանության ոլորտի գերատեսչությունների ղեկավարները մշտական կապի մեջ են: Այսինքն գործնականում աշխատանքները ընթանում են, բայց ես որպես ԱԺ պատգամավոր եւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նաագահ, ակնկալում եմ քաղաքական գործնական արդյունք, որով կարձանագրվի ռուս խաղաղապահների մանդատի իրացումը գործնականում եւ որով կբացառվի այսուհետ վերջիններիս պատասխանատվության ներքո նմանատիպ սադրանքները»,-հայտարարեց Աղաջանյանը: