Հովիկ Աբրահամյանի ընտանիքի դղյակը վաճառվել է. Հայտնի է, թե ով է գնորդը

Մանրամասներ
ա

Հայաստանի նախկին վարչապետ, Ազգային ժողովի նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի՝ Երևանի Ազատության պողոտայում գտնվող շքեղ առանձնատունը վաճառվել է, այն ունի նոր սեփականատեր։ Գործարքը կատարվել է մարտի 1-ին։ ՍիվիլՆեթն ուսումնասիրել է այս գործարքը։

Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքը Երևանի Ազատության պողոտայում ուներ երկու առանձնատուն։ Դրանցից մեկը պատկանում էր նրա որդուն՝ Արգամ Աբրահամյանին, մյուսը՝ կնոջը՝ Ջուլիետա Աբրահամյանին։ Վաճառված առանձնատունը Արգամ Աբրահամյանինն էր, կառուցվել էր խորհրդարանի շենքի նմանությամբ։ Ըստ կադաստրային փաստաթղթերի՝ առանձնատան տարածքը 2 580 քառակուսի մետր է։ Տարածքի սեփականատերը նախ Հովիկ Աբրահամյանի վարորդ, մրգավետցի Գրիգոր Գևորգյանն էր, որը 2013-ին նվիրատվությամբ այն փոխանցել է Արգամ Աբրահամյանին։ Նվիրատվության պայմանագրին հաջորդել էր Երևանի քաղաքապետարանի կողմից տարածքին հասցեի տրամադրումը, ապա շինարարությունը և այլն։

Առանձնատան նկուղային հատվածը բաղկացած է երկու սաունաներից, երեք սանհանգույցներից, մարզման սրահից, մերսման սրահից, կինոդահլիճից, տան սպասավորների համար նախատեսված ննջասենյակից, մառանից։ Առաջին հարկն ունի երեք սանհանգույց, հյուրասենյակ, ճաշասենյակ, բուխարիի համար նախատեսված տարածք, հանդերձարաններ։ Երկրորդ հարկում տեղակայված են չորս ննջարան, չորս սանհանգույց, չորս հանդերձարան, կա բացօթյա պատշգամբ։ Բակում կա երկու զրուցարան, երկու պահակակետ, կաթսայատուն, ջրավազան։ Գույքի կադաստրային արժեքը ավելի քան 310 միլիոն դրամ է։

Հովիկ Աբրահամյանի ընտանիքից առանձնատունն անցել է նորահայտ գործարար Նարեկ Նալբանդյանի ընտանիքին։ Մարտի 1-ին Արգամ Աբրահամյանը առանձնատան առքուվաճառքի պայմանագիր է կնքել Նալբանդյանի կնոջ՝ Լիլիթ Պետրոսյանի հետ։ Առանձնատան գինը կազմել է 2,5 միլիարդ դրամ (ավելի քան 5,1 միլիոն դոլար)։ Դրանից 48 միլիոն դրամը գնորդ Լիլիթ Պետրոսյանն արդեն վճարել է, մնացած 2,452 միլիարդ դրամը վճարվելու է մինչև օգոստոսի 1-ը։ Այդ ժամանակ է նախատեսված առանձնատան հանձնումը Պետրոսյանին։

Նարեկ Նալբանդյանին լայն հանրությունը ծանոթացավ Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» հյուրանոցային համալիրի օտարման ժամանակ։ Փետրվարի 11-ին պետությունը վաճառեց «Գոլդեն փելիս»-ը, գնորդը Նարեկ Նալբանդյանն էր՝ «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ընկերության միջոցով։ Գործարքը կազմել էր 5 միլիարդ դրամ։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։