Օրեր առաջ հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գաղտնի որոշմամբ մի շարք պաշտոնյաների՝ մասնավորապես նախարարների աշխատավարձը կրկնապատկվել է՝ հասնելով 1,5 միլիոն ՀՀ դրամի: Արդեն երկու օր առաջ պարզվեց, որ նախարարները կրկնապատկված աշխատավարձ ստանում են դեռևս մարտ ամսից:
Analitik.am-ի տեղեկություններով, Երևանի քաղաքապետարանում նույնպես խոշոր պարգևատրումներ են ստացել․ սույն թվականի հոկտեմբերի 2-ին քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ քաղաքապետարանի աշխատակիցները հերթական պարգևատրումներն են ստացել: Մարությանն ինքն իրեն էլ է պարգևատրել։
Հայկ Մարությանի որոշմամբ քաղաքապետի տեղակալներ Հրաչյա Սարգսյանը, Հայկ Սարգսյանը, Տիգրան Վիրաբյանը և Սերգեյ Հարությունյանն, ինչպես նաև Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն ու աշխատակազմի քարտուղար Վահե Խաչատրյանը ստացել են 965 000-ական ՀՀ դրամի չափով պարգևատրում:
Մեծ պարգևատրումներ են ստացել նաև թաղապետերն ու վարչության պետերը՝ 840 000-ական ՀՀ դրամի չափով:
Ի դեպ, Կենտրոնի թաղապետ Վիկտոր Մնացականյանը, ով հայտարարել է հրաժարական ներկայացնելու մասին, նույնպես պարգևատրում է ստացել։
840 000 ՀՀ դրամի չափով պարգևատրում են ստացել նաև Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն ու Կամո Արեյանը, ով զբաղեցնում է քաղաքապետի խորհրդականի պաշտոնը։
Ընդհանուր առմամբ, պարգևատրումների համար Հայկ Մարությանը հատկացրել է ավելի քան 70 միլիոն ՀՀ դրամ։
0Comments