Ադրբեջանցի թեկնածու՝ Ուկրաինայի նախագահի պաշտոնի համար

Ռոման Նասիրովը պաշտոնապես գրանցվել է

Ուկրաինայի պետական ֆիսկալ ծառայության ղեկավար, ազգությամբ ադրբեջանցի Ռոման Նասիրովը հունվարի 21-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստի ժամանակ պաշտոնապես գրանցվել է որպես Ուկրաինայի նախագահի թեկնածու, գրում է minval.az կայքը:
«Ուկրաինան կարող է հաջողության հասնել միայն այն ժամանակ, երբ երկրի տնտեսությունը դառնա ուժեղ և անկախ: Տնտեսական աճի տեմպերն այսօր բավարար չեն: Այս պահի դրությամբ ներքին ռեսուրսները բավարար չեն, ներդրումներ են հարկավոր: Իշխանությունների առաջադրանքը պետք է լինի ստեղծել այնպիսի պայմաններ, որ օտարերկրացիների և Ուկրաինայի քաղաքացիների համար երկրի տնտեսության մեջ ներդրումներ կատարելը շահավետ լինի»,- ասել է Նասիրովը:
Նրա խոսքով՝ տնտեսության զարգացման համար պետք է ոչ միայն արտաքին, այլև ներքին ներդրումային ռեսուրսներ փնտրել:
«Ես գրեթե ամբողջ կյանքում ներդրումային գործունեությամբ եմ զբաղվել, հետևաբար գիտեմ՝ ինչ պետք է անել, որ 3-5 տարի անց յուրաքանչյուր ընտանիք սկսի զգալ երկրի տնտեսության մեջ իրական դրական փոփոխությունները»,- հավելել է նա: