Ստամբուլում բողոքի ակցիա է անցկացվել ԱՄՆ հյուպատոսության դիմաց

Մասնակիցները դատապարտել են ԱՄՆ-ի՝ Թուրքիային ուղղված սպառնալիքները

Ստամբուլում բողոքի ակցիա է անցկացվել ԱՄՆ գլխավոր հյուպատոսության շենքի դիմաց, ազգայնական գործիչ Դողու Փերինչեքի գլխավորած «Հայրենիք» կուսակցության անդամներն ակցիայի ժամանակ դատապարտել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Թուրքիային ուղղված սպառնալիքները:
Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփը Թուրքիային տնտեսական պատժամիջոցներով էր սպառնացել`Սիրիայի քրդերի դեմ հարձակման դեպքում:
Ինչպես փոխանցում է թուրքական DHA գործակալությունը, կուսակցության ստամբուլյան գրասենյակի կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ փակվել են հյուպատոսության ու դրան հարակից փողոցների մուտքերն ու ելքերը, երթևեկությունը որոշ ժամանակ կանգ է առել:
«Տարածաշրջանի ճակատագիրը ոչ թե Թրամփը, այլ թուրքական բանակը կորոշի» պաստառ պարզած ցուցարարները հանդես են եկել նաև հայտարարությամբ:
«ԱՄՆ-ի՝ Սիրիայից հետ քաշվելու պատճառը նրանց պարտությունն է: Դատարկ սպառնալիքներով այս պարտությունը կոծկել փորձողների նպատակը ներքին քաղաքականության մեջ պոչը բարձր պահելն ու տարածաշրջանում գտնվող իրենց ուժերին խաբելն է: Սակայն ամեն բան ակնհայտ է. ԱՄՆ-ն պարտվել է, և քրդերը մնացել են միայնակ, նրանք էլ են պարտվելու», - ասված է հայտարարության մեջ:
Ցույցի ժամանակ աչքի են ընկել նաև «Թող կորչի ամերիկյան իմպերիալիզմը» վանկարկումները: