Հայաստանն ու հայ ժողովուրդն սպասում են իրենց դաշնակցի՝ Ռուսաստանի արձագանքին․ ՔՊ պատգամավոր

Մանրամասներ

ա

«Հայաստանն ու հայ ժողովուրդն սպասում են իրենց դաշնակցի՝ Ռուսաստանի արձագանքին»,- ԱԺ նիստում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակին։

«Իրավիճակն այն է, որ Ադրբեջանի զինված ուժերը անցել են հարձակման, տեղի է ունենում լայնամասշտաբ սադրանք Հայաստանի սահմանների ուղղությամբ։ Ադրբեջանական կողմի պաշտպանության նախարարության հայտարարությունները, թե իբր սադրանքը կամ այդ մատական գործողություններն սկսել է հայկական կողմը, բացարձակ անհիմն են և սուտ։ Այդ ամենը հիմնավորվում է թե ՀՀ վարչապետի, թե այլ բարձրաստիճան պաշտոնյաների՝ բոլոր միջազգային հարթակներում հնչեցրած հայտարարություններով ու ՀՀ ընդհանուր քաղաքականությամբ։ Այդ ամենը հիմնավորվում է նաև Ադրբեջանի նախագահի մի շարք հայտարարություններով, թե միջազգային հարթակներում, թե ներքին լսարանի համար։

Նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից հետո ՀՀ քաղաքական իշխանությունը բարձրագույն մակարդակով որդեգրել է տարածաշրջանային խաղաղությունը՝ որպես նպատակ։ Իսկ թե ինչ է որդեգրել Ադրբեջանը, դա շատ պարզ երևում է նրանց բոլոր հայտարարություններում։ Ես վստահ եմ, որ միջազգային գործընկերները՝ թե ԵԱՀԿ համանախագահությունը, թե մեր ՀԱՊԿ գործընկերները պետք է շատ հստակ անցնեն գործի։ Եթե խոսքը վերաբերում է հայտարարություններին ու կոչերին, ապա դրանք պետք է լինեն շատ առարկայական և ուղղված կոնկրետ այն կողմին, որն սկսել է այս սադրանքը»,- ասաց նա։

Ըստ Վահագն Ալեքսանյանի՝ ԱԽ քարտուղարն արդեն ասել է, որ ՀՀ-ն դիմել է Ռուսաստանի Դաշնությանը՝ ապահովելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ «Այս առումով պետք է ասել, որ Հայաստանի Հանրապետությունը, այո, սպասում է Ռուսաստանի Դաշնության՝ իր դաշնակցի արձագանքին՝ որպես դաշնակից, որովհետև ՀՀ-ն և հայ ժողովուրդը տեսնում են, թե ինչ աջակցություն է Ադրբեջանն ստանում իր դաշնակցի կողմից։ Եվ ՀՀ-ն ու հայ ժողովուրդը բնավ չեն մտածում, որ պետք է մենակ լինեն, այն պարագայում, երբ կան կնքված միջազգային համաձայնագրեր, կան դաշնակցային պայմանագրեր։ Եվ ՀՀ-ն միշտ հավատարիմ է մնացել այդ պայմանագրերին»,- ասաց նա։