Հայաստանում տարին կավարտվի բարձր գնաճով

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Հայաստանում 2021-ն ավարտվելու է բարձր գնաճով, սակայն Կենտրոնական բանկը ամեն ինչ անելու է՝ հաջորդ տարի գնաճը կառավարելի միջակայք տեղափոխելու ուղղությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում՝ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկմանը:

«Այն հանգամանքը, որը հիմա գնաճը բարձր է, մտահոգիչ է, այն հանգամանքը, որ այդ բարձր գնաճը որոշակի չափով բացասական է անդրադառնում տնտեսական աճի վրա. դա էլ է փաստ», ասաց Խաչատրյանը:

Նա հիշեցրեց՝ բարձր գնաճի պայմաններում ԿԲ-ն վարկային տոկոսադրույքների եռամսյակային վերանայում իրականացրեց՝ 0.25 տոկոսային կետով բարձրացնելով: Դա առաջացնում է վարկերի տոկոսադրույքների որոշակի աճ, ինչը որոշակիորեն զսպում է նաև տնտեսական ակտիվությունը: «Եկող տարվա համար դեռևս շուտ ենք համարում որևէ գնահատականների վերանայում անելը, կարծում ենք, որ դա շատ վաղ է՝ հաշվի առնելով, որ այն, ինչ տեղի է ունենում հիմա, անսպասելի չէր: Այսինքն՝ մենք գիտենք, որ այս տարին ավարտվելու է բարձր գնաճային միջավայրում, գիտենք նաև, որ ԿԲ-ն իր գործիքակազմով և քաղաքականությամբ անելու է ամեն բան՝ եկող տարի կառավարելի միջակայք տեղափոխվելու ուղղությամբ»,- ասաց նախարարը:

Գնաճը զսպելու գործառույթը ՀՀ-ում ԿԲ-ինն է: Նախարարը վստահեցրեց, որ այդ ուղղությամբ ԿԲ-ն իրականացնում է այն ամենը, որոնք իր քաղաքականությամբ և գործիքակազմով լիազորված է: