Սիրիայում Թուրքիայի պայքարը որակապես նոր մակարդակի կհասնի. Անկարայի համբերությունը սպառվել է. Էրդողան

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Առաջիկա ժամանակաշրջանում Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարը որակապես նոր մակարդակի կհասնի: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ մեկնաբանելով Սիրիայի վերաբերյալ Անկարայի դիրքորոշումը:

Ինչպես հայտնում է «Անադոլու» գործակալությունը, Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիայի հարավային սահմանների մոտ Քուրդիստանի բանվորական կուսակցության «ահաբեկիչների» խարդավանքների նկատմամբ Անկարայի համբերությունը սպառվել է:

«Մենք բոլոր անհրաժեշտ քայլերը կձեռնարկենք ահաբեկիչների դեմ», - վստահեցրել է նա:

Օրերս էլ ԱԳ նախարար Չավուշօղլուն էր հայտարարել, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի՝ Սիրիայի հարցում իրենց պարտավորությունները չկատարելու ֆոնին՝ Թուրքիան կձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը՝ Սիրիայի տարածքում ահաբեկչության սպառնալիքը վերացնելու համար: 

Նրա խոսքով՝ վերջին շրջանում Սիրիայի հյուսիսում ավելացել է քրդերի կողմից ահաբեկչական հարձակումների թիվը:

Թուրքական դիվանագիտության ղեկավարը հիշեցրել է, որ Սիրիայում հակաահաբեկչական գործողություններից առաջ Քրդական բանվորական կուսակցության զինյալները գնդակոծել են Թուրքիայի տարածքը, այդ թվում`ականանետերից:

«Վերջերս մենք կրկին սկսել ենք արձանագրել նման հարձակումներ: Հեռավորությունը, որից գնդակոծվում են Թուրքիայի սահմանամերձ շրջանները, առավելագույնը 30 կմ է: Եվ դա չնայած այն բանին, որ Սիրիայում, այդ թվում՝ «Եփրատի վահան» գործողությունների մեկնարկից հետո, մենք որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերեցինք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ: Երկու երկրներն էլ պարտավորվել են ահաբեկիչներին դուրս բերել Թուրքիայի սահմանից՝ նրանց տանելով 30 կմ դեպի Սիրիայի խորքը: Մոսկվան պարտավորվել է նաև ահաբեկիչներից մաքրել Սիրիայի Թալ Ռիֆաթ և Մենբիչ շրջանները: Ցավոք, այդ խոստումները չեն կատարվել», - հայտարարել է նա:

Չավուշօղլուն ընդգծել է, որ Ռուսաստանը և ԱՄՆ-ն նույնպես պատասխանատու են սիրիացի խաղաղ բնակիչների և թուրք զինվորականների վրա ահաբեկչական հարձակումների համար: Նրանք չեն կատարել իրենց խոստումները, պարզաբանել է թուրք նախարարը:

Ահաբեկչական հարձակումների աճի և Սիրիայի նկատմամբ պարտավորությունների չկատարման ֆոնին Թուրքիայինն մնում է ինքնուրույն լուծել հարցը, ասել է Չավուշօղլուն: