Իրանի և Ռուսաստանի շահերն ակնհայտորեն հակասում են Հարավային Կովկասում. Ռուս քաղաքագետ 

Մանրամասներ

ա

Ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը կարծում է, որ Իրանը մտնում է հարավկովկասյան «խաղի» մեջ, երբ այն արդեն ունի ձևավորված որոշակի կանոններ: Իրանի ու Ռուսաստանի շահերն ակնհայտորեն հակասում են Հարավային Կովկասում, քանի որ Ռուսաստանը ներկայումս այս հարցում կանոնավոր և ոչ անհաջող շփումներ ունի Երևանի, Բաքվի և Անկարայի հետ: Սակայն, Սկակովի կարծիքով, այդ հակասությունները Մոսկվան ցույց չի տալիս և համագործակցության նշաններ է ցույց տալիս:

Ավելին, նա հիշեցրեց, որ կան հետպատերազմյան հայտարարություններ, որոնցով ենթադրվում է, որ պետք է շարունակվի կարգավորումը և տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը, որտեղ Իրանը կոկրետ շահեր ունի:

«Բայց իրավիճակը շատ բարդ է, քանի որ Արևմուտքը փորձում է գործի դնել ԵԱՀԿ Մինսկի խումբը, զուգահեռաբար՝ կա Թեհրան-Բաքու լարվածություն, Թեհրանն աշխատում է տարածաշրջանում կոմունիկացիոն այլ ուղղությունների վրա, Հնդկաստանն է աշխատում, Ադրբեջանն ու Թուրքիան աշխատում են այլ ճանապարհի ուղղությամբ, խոսվում է հայ-թուրքական կարգավորման մասին, Խաղաղության համաձայնագրի, դեմարկացիայի մասին, սա ահռելի բովանդակություն է տարածաշրջանի համար բազմաթիվ շահերով, շատ երկրներով, ու անկանխատեսելի է, թե ինչպես կընթանան զարգացումները, քանի որ բոլորը ցանկանում են իրենց մասնաբաժինը ստանալ:

Չեմ պատկերացնում, թե որքան արմատական կարող են լինել Իրանի գործողություններն ու քայլերը, այնուամենայնիվ, ըստ իս, դրանք կարող են լինել պայմանավորվածությունների տեսքով կոմունիկացիոն որոշ ուղղությունների շուրջ: Իրանի ԱԳ նախարարը մտադիր է այցելել Երևան ու Բաքու, խոսվում են կոնկրետ պայմանավորվածությունների մասին Թեհրան-Երևան ձևաչափով: Եվ այստեղ հարցն այն է, թե որ կողմն ավելի արագ կլինի, ու մյուսն ինչ արձագանք կցուցաբերի:

Կարծում եմ, գործընթացները դեռ մի որոշ ժամանակ այս ինտենսիվությամբ կշարունակվեն, քանի որ գործ ունենք բազմակողմ բազմաթիվ բարդ հարցերի հետ»,- 168.am-ի հետ զրույցում ասել է նա: